ՄՔԴ գրասենյակի ղեկավարին են ներկայացրել Հռոմի կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը

ՄՔԴ գրասենյակի ղեկավարին են ներկայացրել Հռոմի կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են․

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը։ Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։

Անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։