Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը տարին ուզում է ամփոփել ինքնախոստովանական «ցուցմունքներով»։ Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ երբ նրան պարտադրում են գործողություններ կամ տալիս իրեն ոչ հաճելի հարցեր, նա կորցնում է ինքնատիրապետումը, նույնիսկ եթե արտաքնապես փորձում է հանգիստ երևալ ու հենց այդ ժամանակ էլ ակամայից խոստովանում է իր ողջ հակաօրինական ու պետականակործան քայլերը։ Օրերս նա ստիպված եղավ հրապարակել Արցախին վերաբերող բանակցային փաստաթղթերը, իհարկե ոչ ամբողջությամբ, այնուհետև ելույթ ունեցավ Ազգային ժողովում, ինչից ակնհայտ դարձավ, որ հենց ինքն է տապալել բանակցային գործընթացը ու Ադրբեջանի համար լեգիտիմ հող նախապատրաստել լայնածավալ պատերազմի անցնելու։
Իսկ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը մասնակցում է այն պատարագներին, որտեղ չի հնչում Վեհափառի անունը։ Այնուհետև գիտակցելով, որ իր ասածն անհեթեթություն է, քանի որ Հայաստանում տեղի չեն ունենում երկու տեսակի պատարագներ, որոնցից մեկում հնչում է Վեհափառի անունը, մյուսում՝ ոչ, որպեսզի ինքն էլ ընտրության հնարավորություն ունենա, փորձեց շտկել իրավիճակը, սակայն դրանով իրավիճակն էլ ավելի բարդացրեց։ Եթե առաջին դեպքում թողնելու էր սովորական ստախոսի համբավ, որն իր պարագայում նորություն չէ, ապա երկրորդ դեպքում խոստովանեց, որ չարաշահում է պաշտոնեական լիազորությունները, տարբեր լծակներով ճնշում է գործադրում տարբեր հոգևորականների վրա, այլ խոսքով կատարում է հանցանք, որի համար քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ։
«Պատարագին մասնակցելուց առաջ մենք խնդրում ենք, որ հաշվի առնեն այն փաստը, որ Կտրիճ Ներսիսյանին կաթողիկոս չենք համարում»։ Նման ձևով շարունակեց իր միտքը Նիկոլ Փաշինյանը, ուղիղ խոստովանելով, որ խառնվում են Եկեղեցու ներքին գործերին, ինչի իրավունքը ոչ ոք չունի։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բոլորը գիտեն Նիկոլ Փաշինյանի «խնդրելու» մեթոդները, որոնք արտահայտվում են շանտաժով, իշխանական լծակների ճնշմամբ, քրեական գործեր հարուցելով ու կալանավորելով, այլ անդրադառնանք այն փաստին, որ յուրաքանչյուր իրական ժողովրդավարական երկրում, որտեղ պետության ղեկավարը հոգևոր առաջնորդին վերաբերող նման «խնդրանքով» դիմեր ցանկացած եկեղեցու, ապա միանգամից կհայտնվեր քաղաքական աղբանոցում։
Հայ Առաքելական Եկեղեցում Վեհափառի անունը պատարագի ընթացքում տրվում է երեք անգամ, իսկ վերջում հնչեցվում է Հայրապետական օրհներգը, որը գրված է Կոմիտասի կողմից։ Ընդ որում սա կախված չէ որևէ հոգևորականի անձնական պատկերացումներից ու սուբյեկտիվ մոտեցումներից, այլ հստակ ամրագրված է եկեղեցական կանոնագրքով։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը, հրահանգելով չհնչեցնել Վեհափառի անունը, ոչ միայն ուղղակի խառնվում է իրեն չվերաբերող ընթացակարգերին, ինչի իրավունքը չունի, այլև որոշ հոգևորականների պարտադրում է մեղանչել Աստծո առաջ։ Մի շարք հոգևորականներ կանգնում են ընտրության առջև․ կա՛մ խախտել Եկեղեցու կանոնագիրքը, դավաճանել Հայ Առաքելական Եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոշ դեպքերում էլ առիթից օգտվելով փորձել հագուրդ տալ արթնացող փառամոլությանը, կա՛մ դիմակայել Նիկոլ Փաշինյանի շանտաժներին ու սպառնալիքներին և խեղդել գայթակղությունը։ Ցավոք, ականատես ենք լինում, որ լինում են հոգևորականներ, որոնք գնում են առաջին ճանապարհով։ Աստված իրենց հետ, ի վերջո յուրաքանչյուրը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, վաղ թե ուշ հնձելու է այն, ինչ ցանում է։
Կարեն Կարապետյան
