Լարսում մոտ 1500 մեքենա կա կուտակված, որից մոտ 500-ն է հայկական. Վահան Հակոբյան

Լարսում մոտ 1500 մեքենա կա կուտակված, որից մոտ 500-ն է հայկական. Վահան Հակոբյան

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե Վերին Լարսի անցակետում նորից հսկայական հերթ է գոյացել, և ավելի քան 2700 մեքենա է այս պահին հերթի մեջ սպասում, որից մոտ 850-ը հայկական պետհամարանիշով։

Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցւոմ ասաց, որ այդ թիվը վերցված է Ռուսաստանի էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգից. երբ մեքենան մոտենում է Վլադիկավկազին, մեքենային ներառում են էլեկտրոնային հերթում, այդ թվերը հենց այդ համակարգից են վերցված։

«Հիմա ո՞րն է խնդիրը․ շատ դեպքերում, երբ վարորդները գալիս են այդ հերթում գրանցվելու, նաև գրանցվում են այլ մեքենաներ, որոնք դեռ Վրաստանից պետք է գան Ռուսաստան, բեռնաթափվեն, նորից բեռնվեն ու հետ գնան Հայաստան։ Բայց մեքենաները դեռ Վրաստանի տարածքում՝ շատ մեքենաների վարորդները գրանցում են։ Բացի այդ, շատ դեպքերում լինում է, որ հերթերի համակարգում գրանցվում են, բայց ինչ-որ ձևով իրենք հերթից ավելի շուտ են դուրս գալիս, գնում են, փատսացի իրենք մնում են հերթի մեջ գրանցված, բայց մեքենան չկա։ Դրա համար ՌԴ մաքսաին ծառայությունն էլ, որպեսզի առաջնորդվի այդ հերթերով, մոտավոր դրա կեսն են նկատի ունենում, որ իրական հերթ է։ Այսինքն, եթե 2700 է, կարող ենք համարել, որ մոտ 1500 մեքենա կա հերթում է, որոնցից մեր մեքենաները մոտ 500-ն է, որոնց մեծ մասը դեռ չի էլ հասել անցակետ՝ ճանապարհներին են, ուղղակի նախապես հերթագրվել են»,- ասաց Վահան Հակոբյանը։

Նա նշեց, որ որոշակի կուտակում, այնուամենայնիվ, կա, և բեռնատարները, որ գալիս են, 1-2 օր սպասում են անցակետում, նոր անցնում են։

Նրա խոսքով՝ կուտակումները պայմանավորված են սեզոնով, միշտ էլ այս սեզոնին կուտակումներ լինում են, քանզի և՛ բեռներ են շատ փոխադրում, և՛ տուրիստական հոսքերն են մեծ, և եթե սովորական սեզոնին մոտ 2 հազար թեթև մարդատար մեքենա է անցնում այս անցակետով, հիմա 4 հազարից ավելի մեքենայի քանակ ունենք։ Իսկ բեռնատարները՝ երկու ուղղությունը իրար հետ, օրական 1000-1200։

Վահե Մակարյան