Աննա Հակոբյանի պատճառով բունտ է հասունանում, Ո՞վ է խանգարում Աննա Վարդապետյանին․ Մամուլը՝ սուրճով

Աննա Հակոբյանի պատճառով բունտ է հասունանում, Ո՞վ է խանգարում Աննա Վարդապետյանին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է ․ Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» ֆիլմը Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով, անմահ գործ է եւ հիմա առավել, քան 20-րդ դարում, հայ իրականության համար արդիական: Մեր շուրջ բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, եւ հարազատ մարդիկ տարիներով չեն շփվում միմյանց հետ: Բայց որոշ ընտանիքներում գաղափարական տարաձայնությունները ողբերգական երանգներ ունեն, ինչպես, օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքում: Նրա երկու եղբայրները Արմեն եւ Արամ Սարգսյանները, մեր տեղեկություններով, գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկմեկու դիրքորոշումները: Արմեն Սարգսյանը, որն ավելի նման է լեգենդար եղբորը, ավելի ազգայնական է, իր ընկերական հարաբերություններին եւ հնուց արմատացած սկզբունքներին նվիրված: Նա Հայաստանի այսօրվա վիճակը ծանր է տանում:

Իսկ Արամ Սարգսյանը փաշինյանական գծի մեջ է, հակառուսական տրամադրվածությամբ եւ Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ: Մեր տեղեկություններով, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում:

 

«Հրապարակը» գրում է ․ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կարծում է, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հազարավոր մարդկանց աջակ­ցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ» կան, ովքեր «շատ բարձր են պահում տգիտության պատիվը»։ Տիկնոջ հերթական ցինիկ գրառումը երեկ բուռն արձագանք էր առաջացրել:

 

Մասնավորապես, պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է՝ ցուցակագրվել եւ մասնակցել այդ կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են, որ աշխատանքից կհեռացվեն։ Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում երեկ քննարկել են եւ եկել այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում: Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները, քաղաքականությունը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել է, 3.7 մլն դրամ տուժել է:

Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու և լրացուցիչ ծավալով խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք է բերվել շուրջ 693.0 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ օտարող կազմակերպությունը պետք է իրականացնի համարժեք ծավալով խաղողի մթերումներ։

Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ին N1520-L որոշմամբ՝ «խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները հաստատելու մասին» ծրագրից Արարատի և Արմավիրի մարզերի խաղող մթերողներից օգտվել է միայն «ՄԱՊ» ընկերությունը: Այս ընկերության սեփականատերը, հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր («Օրինաց երկիր» կուսակցությունից, հետո՝ ՀՀԿ-ական դարձած) Ալեքսանդր Պետրոսյանն է, տնօրենը՝ վերջինիս որդին՝ Մակար Պետրոսյանը:

Էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրված պատասխանում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին «ՄԱՊ» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% սպիրտի հաշվարկով հայկական կոնյակի սպիրտ, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ն ցանկում ներառված խաղողագործներից մթերել է շուրջ 7620 տոննա խաղող»: Գործադիրի որոշմամբ Կառավարության անունից, հանդես է եկել ադամանդագործությունը խթանելու համար ստեղծված «Հայ-Ալմաստ» ՓԲԸ՝ գնելով և հետագայում նաև վաճառելով կոնյակի սպիրտ:

Գործարքը, որն իր տրամաբանությամբ պիտի սոցիալ-տնտեսական կայունություն բերեր 2 մարզերում, վերածվեց տնտեսական անարդյունավետության դասական օրինակներից մեկի։ Կառավարության գնած սպիրտը հետագայում վերավաճառվել է, որի արդյունքում պետությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլև գրանցել է ֆինանսական կորուստ։

Իսկ ինչպես է եղել վաճառքը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանում կարդում ենք, որ «օտարումը տեղի է ունեցել 4 խմբաքանակով՝ «Բագրատ գրուպ»-ին և ՄԱՊ-ին: Կոնյակի սպիրտի 200 հազար լիտրը օտարվել է 1980 դրամով, իսկ 492 հազար 990 լիտրը՝ 2095 դրամով»: «Հայ-Ալմաստ ՓԲԸ-ի և գնորդ կազմակերպությունների միջև կնքված օտարման պայմանագրերով սահմանված ժամանակացույցով օտարված կոնյակի սպիրտների արժեքները փոխանցվում են «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին, իսկ վերջինս, բյուջետային վարկի մարման ժամանակացույցի համաձայն, պետք է իրականացնի բյուջետային վարկի մարումը»: Նախարարությունն այդպես էլ չի պարզաբանել, թե որքան գումար, երբ է մուտք եղել պետբյուջե:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% կոնյակի սպիրտ է գնել, որը վաճառել է 1 մլրդ 72 մլն 344 հազար դրամով, որի արդյունքում պետությունը տուժել է 3 մլն 704 հազար 622 ՀՀ դրամ:

Անարդյունավետ կառավարման ևս մեկ օրինակ. սոցիալական բունտը կանխելու համար հպարտ հարկատուների վճարած հարկերը փոշիանում են»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2025 թվականի հունվարի 15-ից Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը թափուր է։ Գրեթե 4 ամիս Է, ինչ խնդրահարույց վարչությունը չունի պետ։ Ավելին՝ մինչ իրավաբանական ոլորտը քննարկում եւ վերլուծում է ՍԴ որոշումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լռում է, թե ում է ցանկանում ներկայացված թեկնածուներից տեսնել պետի պաշտոնում։ Ինչն է կամ ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել՝ դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան. 4 ամիս վարչությունը գործում է առանց պետի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան եւ Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան:

Ըստ դատախազության աղբյուրների՝ թեկնածուներից Սերոբյանը «ինքնագլուխ» չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, եւ հաշվի առնելով որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց նա էլ կդառնա վարչության պետ»։