Սուրեն Գրիգորյանն ընկել է ռեստորանների հետևից՝ չի ուզում գործարարները շատ փող աշխատեն (տեսանյութ)

Մայրաքաղաքի ՔՊ-ական իշխանությունը երևանցու ու Երևանում գտնվող հյուրերի կյանքը հեշտացնելու, մատուցվող ծառայությունները ավելի մատչելի դարձնելու փոխարեն ամեն ինչ անում են, որ բարդացնեն քաղաքացու կյանքը։ Իսկ ինչ էլ որ համեմատաբար մատչելի էր երևանցու համար, այս իշխանությունների թեթև ձեռքով դարձել ու դառնում են անմատչելի։ Այս ամեն ինչի քավորը քաղաքապետարանում Ավինյանի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է, որը իր եկած օրվանից՝ միայն երևանցու կյանքը բարդացնելուն ուղղված նախագծեր ու որոշումներ է հորինում և դրանք «հիմնավորում»։
Մասնավորապես, MediaHub-ն այսօր նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մայրաքաղաքի սրճարանների և ռեստորանների տուրքերն ու վճարները մի քանի անգամ բարձրացրել, որից էապես տուժում են ռեստորանատերերը՝ ստիպված լինելով այդ թանկացումները կոմպենսացնել ճաշացանկը թանկացնելու, այսինքն՝ հաճախորդների հաշվին։ Մասնավորապես, Սուրեն Գրիգորյանի որոշմամբ՝ արդեն երկու տարի է մի քանի անգամ բարձրացել է բացօթյա հատվածում սրճարանային գործունեություն ծավալելու թույլտվության գինը։ Ընդ որում, եթե առաջ մեկ տարով էր տրվում այդ թույլտվությունը, ապա հիմա դա տրվում է երկու անգամ վեց ամիս ժամկետով ու աստղաբաշխական գներով։ Ռեստորանատերերի մոտ այս խնդիրը սրվել է հատկապես վերջին շրջանում, երբ նաև ռուս ռելոկանտների՝ Հայաստանից հեռանալու պատճառով իրենց առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոսով ընկել է։ Ու նրանք հիմա ավելի շատ հարկ ու տուրք են տալիս, քան եկամուտ են ստանում։
Գրիգորյանի հիմնավորումն այն է, որ ռեստորանատերերը գերշահույթ են ստանում, ուստի պետք է նրանց ճնշել, որ իրենք անձնապես շատ փող չաշխատեն, ու փոխարենը՝ մեծ հարչկեր վճարեն, որ դրանից բյուջեի մուտքերն ավելանան։ Ու մոռանում է, որ այդ ռեստորանատերերը հսկայական վարկեր են վերցնում, մեծ ծախսեր են անում այդ ռեստորանն աշխատեցնելու, աշխատավարձ վճարելու, կոմունալ և այլ վճարումներ կատարելու համար, աստղաբաշխական թվեր են տալիս նաև տարածքի վարձակալության համար, ու դրան գումարվում է մի հատ էլ քաղաքային իշխանությունների արշավը ռեստորանների դեմ։ Հիմա էլ գովազդի մասին օրենքի փոփոխության շրջանակներում են ընկել ռեստորանների հետևից և աջ ու ձախ տուգանում են՝ էլ ավելի մեծացնելով տնտեսվարողների բեռը։
Նույն հաջողությամբ ուղիղ չորս անգամ ավելացրել են նաև երեկոյան ժամերին գործունեություն ծավալելու թույլտվությունը՝ 250 հազար դրամից դարձնելով 1 մլն դրամ։
Այս ամենի մեղավորը, պատասխանատուն և «հովանավորը», ինչպես նշեցինք, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է, որը բառի բուն իմաստով ընկել է ռեստորանների հետևից՝ չգիտակցելով այն պարզ տրամաբանությունը, որ եթե ռեստորանների հաճախորդները գների բարձրացման պատճառով սկսում են ավելի քիչ հաճախել ռեստորան, դրանից սկսում է ավելի քիչ շրջանառություն կատարվել և ավելի քիչ հարկ գեներացվել։ Իսկ ինքն այսօր մեզ հետ զրույցում բառացի ասաց․ «Եթե Ձեր գրպանը Ձեզ թույլ չի տալիս ռեստորանից օգտվել, ուրեմն կա՛մ մի օգտվեք այդ ռեստորանից, կա՛մ ուրիշ ռեստորանից օգտվեք»։
Նույն տրամաբանությամբ կարմիր գծերն են թանկացնում, տրանսպորտը, մնացած ամեն ինչ, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա դրանցից օգտվել, ով էլ օգտվում էր՝ այլևս չօգտվի, քանզի իր գրպանին այլևս հարմար չեն այդ բարձր գները։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան