Աղետի գոտու բնակիչներին վարկային արձակուրդ կտրամադրվի՞

Աղետի գոտու բնակիչներին վարկային արձակուրդ կտրամադրվի՞

Մայիսի 25-26-ին ջրհեղեղի հետևանքով աղետի գոտի հայտարարված բնակավայրերի բնակիչները փաստի առաջ են կանգնած․ բնական աղետի հետևանքով մարդիկ տուն ու ունեցվածք կորցնելուն զուգահեռ կորցրել են նաև եկամտի բոլոր աղբյուրները։ 

«Դե հասկանում եք՝ ինչ վիճակ է, ինչ օրի ենք հասել։ Հիմա ամեն մեկս մի քանի վարկ ունենք, ու վճարման օրեր են, չգիտենք՝ ինչ պիտի լինի, որ չենք վճարում այդ գումարը։ Օրինակ՝ վերցրել ենք, տնտեսություն զարգացրել, էն էլ ամբողջը ջուրը տարել ա։ Մենք էլ մնացել ենք էս անորոշության մեջ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց Ալավերդիի Սանահին թաղամասի բնակիչներից մեկը։

Բարձրաձայնված խնդրի վերաբերյալ MediaHub-ը փորձեց պատասխան ստանալ այս օրերին աղետի գոտում ձևավորված շտաբի աշխատանքը համակարգող գերատեսչությունից՝ ՏԿԵ նախարարությունից։

«Բոլոր հարցերը հիմա քննարկման փուլում են։ Նաև այդ հարցն է քննարկվում»,- ասաց ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Հարցին, թե ի՞նչ պիտի անեն մարդիկ, որոնք այսօր վճարելիք վարկ ունեն, սակայն, հասկանալի պատճառներով, չեն կարող վճարել, Հարությունյանը պատասխանեց՝ քննարկվում է այդ հարցը։

«Մինչև քննարկումները չավարտվեն, այլ բան ասել չեմ կարող»,- նկատեց նա։

Տեղեկացնենք, որ նույն հարցով դիմել ենք նաև ԿԲ մամուլի քարտուղարին՝ հասկանալու, թե արդյո՞ք հաշվարկներ արվել են, և հնարավոր կլինի վարկային արձակուրդ տրամադրել աղետի գոտու բոլոր բնակիչներին։ 

«Գրավոր հարցում ուղարկեք, ԿԲ-ն բանավոր պատասխաններ չի տալիս»,- ասաց Հայկ Կիրակոսյանը։

Նարե Գնունի