Երևանի հերթական դեմարշը 

Երևանի հերթական դեմարշը 

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է նոյեմբերի 23-ի հանդիպման օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահին, ով ընդունելու է գագաթաժողովը, տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Ի դեպ, խորհրդանշական մեկ այլ իրադարձություն ևս տեղի է ունեցել երեկ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր: 

Այս երկու իրադարձությունները լավագույնս բացահայտում են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե մեր երկիրը չի գնում վեկտորալ փոփոխությունների:

Երևանի հերթական քայլը համարում ենք արկածախնդրություն. Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից բխող բոլոր անբարենպաստ հետևանքներով:

Բացի այդ, տեղի ունեցածը արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության փորձ է, որը համաշխարհային տուրբուլենտության պայմաններում կարող է ռիսկեր ծնել Հայաստանի համար, մանավանդ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բաց հակադրության է գնում՝ չունենալով արտաքին համարժեք աջակցություն:

Ի դեպ, երեկ, ընդունելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին, մեր տարածաշրջանի խնդիրներին անդրադարձել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա, մասնավորապես, ասել է, որ ավարտվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը։  «Մենք արդեն պետք է մտածենք ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել երկու պետությունների կյանքը»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն, թերևս, սխալվում է․ ավարտվել է հայ-ադրբեջանական հակամարտության ղարաբաղյան էջը, սակայն հակամարտությունը, որպես այդպիսին, ավարտված չէ, որովհետև երկրների միջև չկա խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ:

Բացի այդ, Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում գոյություն ունի «ական», ինչի հետևանքով հայ-ադրբեջանական հակամարտության օբյեկտ է դարձել նաև Սյունիքը:

Վահրամ Բագրատյան