Պատերազմից առաջ Քրիստինե Դանիելյանի վերջին դասը՝ ադրենալինը որպես տագնապի հորմոն թեման էր․ հետո սկսվեց արհավիրքը

Պատերազմից առաջ Քրիստինե Դանիելյանի վերջին դասը՝ ադրենալինը որպես տագնապի հորմոն թեման էր․ հետո սկսվեց արհավիրքը

«Առավոտյան տնից դպրոց գնալիս, չգիտեմ ինչու այս անգամ ոչ մեկին հրաժեշտ չտվեցի։ Ստեփանակերտից Բերքաձոր հասնելն իսկական փորձություն էր բլոկադայի օրերին։ Շատ դեպքում 7 ուսուցիչներով ոտքով էինք գնում, որովհետև մեքենա չկար։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան եղանակն  արևոտ էր։ Բայց չգիտեմ ինչու, զգում էի պատերազմի հոտը, մի ներքին տագնապ կար մեջս, այնքան ուժեղ, որ ինքս ինձ մեղադրում էի, որ տնեցիներին հրաժեշտ չտվեցի»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է արցախցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանը։

Բերքաձորում դասապրոցեսն ընթանում էր սովորական ռեժիմով, սակայն, նույն օրը Հարավի դիրքերի ռմբակոծությունից հետո անհանգստություն կար։ 

«Տնօրենն առաջարկեց 7-րդ ժամը չանել, աշակերտներին բաց թողնել։ Չգիտեինք ինչ կարող էր լինել, բայց ասացինք, թող ամեն ոք իր տանը լինի, չնայած, որ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ դասապրոցեսն ընթանում է սովորական ռեժիմով, խուճապ չկա։ Ես աշակերտներիս ամեն դեպքում ասացի, որ չանհանգստանաք ու ուղարկեցի տուն»,-պատմում է մեր զրուցակիցը։ 

Քրիստինե Դանիելյանը քիմիա-կենսաբանություն էր դասավանդում։ Հիշում է, որ  այդ օրվա դասը՝ ադրենալինը որպես տագնապի հորմոն թեման են քննարկել աշակերտների հետ։ 

«Մեկ-մեկ զանգում էինք զինվորականներին, որ մեր ժամերը համնկեցնենք ու իրենց ավտոբուսով բարձրանանք։ Բախտի բան էր, կամ ստացվում էր կամ ոչ։ Երբ ստեփանակերտցի ուսուցիչների ու 2 աշակերտի հետ դուրս եկանք, հենց հասանք ՊԲ պահուստային պաշարների պահեստի մոտ, սկսվեց հրետակոծությունը։ Մենք բաց դաշտում էինք ու տեսնում էինք թե ինչպես են ավերում մեզնից քիչ հեռու Բերքաձորը, անգամ տեսանք դպրոցի հրետակոծությունը։ Մեզ տեղափոխեցին հարակից մի քարե շինություն, որն այդքան էլ անվտանգ չէր։

Բոլորս վախեցած էինք ու անհանգիստ։ Ու քանի դեռ լսվում էր անօդաչու թռչող սարքերի ձայնը, հասկանում էինք, որ չպետք է այլ տեղ զանգահարեինք, թշնամուն տեղորոշում չտալու համար։ Ու քանի բոլորս վախեցած էինք, ես աշակերտներիս ասում էի՝ մեր այսօրվա դասի թեման մեր զգացողությունների մասին էր»։
3 ժամ այդտեղ մնալուց հետո ուսուցիչներից մեկի բարեկամը եկել է իրենց հետևից, տեղափոխել Ստեփանակերտի համար 2 դպրոցի ապաստարան։ Իսկ Քրիստինեի ամուսինը նրան փնտրել է Բերքաձորում, սակայն, միմյանց այդ իրարանցման մեջ չեն հանդիպել։ Այդ ընթացքում երիտասարդ կինը, որ ամենաշատը մտածել է իր երեխաների ու հարազատների անվտանգության մասին, փարատվել է 15-ամյա որդու sms հաղորդագրությամբ, որ նկուղում են, ողջ են։

«Բայց տեղս հանգիստ նստել չէի կարողանում։ Մտածում եմ ոտքով դեպի տուն ճամփա ընկնելու մասին, այն ծայրամասային թաղամասում է։ Ինքս ինձ հարցնում եմ, որ եթե մի բան պատահի, երեխաներիս այդպես ավելի շատ ցավ կպատճառեմ։ Ի վերջո, երկար մտորումներից հետո հասա մեր ապաստարան։ 7-ամյա աղջիկս այնպես պինդ էր գրկել։ Մենք վախենում էինք միմյանց կորցնելու վտանգից»։

Քրիստինեի խոսքով՝ հրետակոծությունն անգամ մեկ րոպեով չէր դադարում, որ մարդիկ կարողանային կողմնորոշվել, գոնե միմյանց կորցրած մարդիկ իրար գտնեն։ 

«Կես ժամ անց եղբայրս՝ Կամոն եկավ մեր ապաստարան։ Երբ տեսա դեմքը, հետո նաև արտասուքները, հասկացա, որ ինչ որ բան այն չէ։ Լեզուս չէր պտտվում հարցնեի, բայց ասաց՝ «մաման անգիտակից վիճակում է», ես երևի թե բոլորի մասին շատ էի անհանգստանում՝ բացի մամայից, որովհետև համեմատաբար իր տեղն ավելի անվտանգ էր՝ բունկերում։

Պարզվեց, որ պատերազմի առաջին ժամերին օդային հարվածներով հրետակոծել են նաև այնտեղ՝ որտեղ մայրս էր։ Զոհեր ու վիրավորներ կային, անգամ մի կին մահացել էր։ Փրկարարները հասել են ժամանակին ու նրանց տեղափոխել հիվանդանոց։ Մորս վիճակը ծանր էր»։

Տիկին Մարինեն բեկորային բազմաթիվ վնասվածքներ էր ստացել դեմքի, ծնոտի, ձեռքերի ու մարմնի տարբեր հատվածներում։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

«Հայրս՝ Մեխակ Դանիելյանը, առաջին պատերազմի հերոսներից է։ Մայրս պատմել է, որ երբ հրետակոծությունից հետո փակել է աչքերը, երևակայության մեջ հայտնվել է մի խրամատում, որտեղ պառկած է եղել ցեխաջրի մեջ։ Տեսել է հորս, սովորաբար նրան մեր երազներում չենք տեսնում։ Հայրս եկել ու ավտոմատը ուսին գցած անտարբեր անցել է կողքով։ Մաման ասել է ՝ «Մեխա՛կ, ինձ էլ օգնիր, տար քեզ հետ, բայց պապան ասել է՝ «ժամանակ չկա, կռիվ է, քո հետևից երեխաները կգան»»,-դեպքերը հիշում ու արտասվում է ուսուցչուհի Դանիելյանը։

Ծանր վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց հնարավորինս շուտ ուղարկում էին Հայաստան։ Քաղաքում ռեանիմոբիլների պակաս կար։ 

«Այդ իսկ պատճառով մորս սեպտեմբերի 25-ի առավոտյան եղբորս մեքենայով տեղափոխեցինք։ Նրան միացված էր արհեստական շնչառություն։ Բարդ էր գաղթի ճամփան, բայց այդ իրավիճակում, մեր աղոթքն ու մտածմունքը հայրենիքից ինձ մնացած մայրս էր, նրա առողջությունը։ Հորս զոհվելուց հետո մայրս ինչ դժվարություն ասես, որ չի քաշել, մեծացրել մեզ։ Նա մեզ համար և՛ հայր ու մայր է և՛ հայրենիք», -եզրափակեց Քրիստինե Դանիելյանը»։ 

Հունան Թադևոսյան