Մոսկվան վերադարձնում է նախաձեռնությունը, իսկ Ալիևը պատասխանում է Փաշինյանի «խաղաղությանը»

Մոսկվան վերադարձնում է նախաձեռնությունը, իսկ Ալիևը պատասխանում է Փաշինյանի «խաղաղությանը»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 15-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

«Կողմերը մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ, անդրադարձ է եղել նաև Մոսկվայի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարին»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած տեքստում:

Միայն այս տեքստը բավարար է՝ պնդելու համար, որ Մոսկվան փորձում է իր ձեռքը վերցնել հայ- ադրբեջանական դիալոգը՝ դրանում երկրորդական դարձնելով մյուս միջազգային խաղացողների դերակատարությունը։

Մեկ օր առաջ էլ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով:

Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` հույսեր չթողնելով մոտ հեռանկարում դրա ռեստավրացիայի համար։

Մոսկվան նաև փոխում է իր բովանդակային մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում` առաջնությունը տալով ոչ թե Արցախի կարգավիճակի խնդրին, այլ` հայ- ադրբեջանական դիալոգին։

Ռուսաստանը` իշխանության առաջին դեմքերի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Արցախի կարգավիճակի հարցին պետք է անդրադառնալ ավելի ուշ։ Արդյո՞ք Մոսկվայի նոր մոտեցումն այդ դիրքորոշման ամրապնդումն է, թե՞ Ռուսաստանում կարծում են, թե Արցախի կարգավիճակը լուծվելու է հենց հայ- ադրբեջանական երկխոսության շրջանակում։

Մինչ մենք փորձում ենք գտնել այս հարցերի պատասխանները՝ Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմը խախտել է շփման գիծը։ Սա էլ՝ Ալիևի «յուրօրինակ» պատասխանն է Փաշինյանի «խաղաղությանը»։

Վահրամ Բագրատյան