Փաշինյանի իշխանության մաս կազմող պատգամավորը հո՞ հայանպաստ պատասխան չէր տալու, նրանք առաջ են տանում Ադրբեջանի շահերը

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում հանգիստ չի անցել։
«Էլի կրակել են»,- ասում են Խնածախի ու Խոզնավարի բնակիչները։ Իսկ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելուց հետո երբ գնդակները հայտնվում են գյուղի տարածքում, հեռացնում է սպասված խաղաղությունն ու մոտեցնում արտագաղթը։
«Իրավիճակն արդեն անվերահսկելի է դառնում։ Ադրբեջանցիները չեն փոխվում, իրենց համար միևնույն է թե Հայաստանը գնում է խաղաղության, դրա համար պատասխան քայլեր չի տալիս։ Գիշերն էլի կրակել են, իրենց դիրքը հենց գյուղի վերևի հատվածում է, եթե նույնիսկ օդ են կրակում, դա մենք լսում ենք։ Խնդիրը էն ա, որ օդ չեն կրակում, այլ ուղիղ գյուղի վրա։ Մշակույթի տան վրա են կրակել, տների տանիքների վրա են կրակել, մի օր էլ մեզ են կրակելու, այն աստիճանի են հասցնելու, որ մենք այստեղ չմնանք։ Գնանք, բայց ո՞ւր»,- հարցնում է խնածախցի մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, որ սյունեցի ՔՊ-ական պատգամավորն ասել է՝ «այդքան պետք չէ մարդկանց վախեցնել, Սյունիքում ամեն ինչ նորմալ է, կարող են և կրակել, բայց մեզ վնաս չեն տալիս չէ՞», մեր զրուցակիցը մեկնաբանեց․ «Դուք ինքներդ ասացիք ՔՊ-ական։ Հո՞ Փաշինյանի իշխանության մաս կազմող պատգամավորը հայանպաստ պատասխան չէր տալու։ Նրանք առաջ են տանում Ադրբեջանի շահերը` ամեն տեղ մեզ նվաստացնելով։ Բոլորին հրավիրում եմ Խնածախ` մեկ գիշեր անցկացնելու, թող գան իրենց ընտանիքներով, երեխաների հետ, որ զգան էն ամենը, ինչի միջով ամեն օր ստիպված անցնում է խնածախցին»։
MediaHub-ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչն ասաց, որ չնայած լրատվամիջոցներից մեկին՝ իրադրության վերաբերյալ հարցազրույցից հետո համայնքապետարանից նկատողություն է ստացել, այնուամենայնիվ չի լռելու, քանի որ խոսքը իրենց անվտանգության մասին է։
«Որտեղով անցնում ես, Ադրբեջանի դրոշա երևում, որտեղով գնում ես, իրենք ներկա են։ Նախկինում ո՞վ էր սենց բան տեսել։ Շուռնուխ, Ներքին հանդ, Գորիս-Կապան ճանապարհ, Կապանի օդանավակայան, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Ակներ, Վերիշեն, մինչև Ջերմուկ սաղ իրենք են, մենք համարյա շրջափակման մեջ ենք»,- եզրափակեց նա։
Հունան Թադևոսյան