Քարով հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխին. կինը հոսպիտալացվել է. կասկածյալը փեսան է

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Վիրավորը տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվելու է վիրավորի և նրան մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:
Մեզ հասած տեղեկություններով՝ նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք. կեսն ասում են՝ տատիկին վնաս պատճռողն ա զանգել, կեսն էլ ասում են՝ դե իմացել են, իրենց գործն ա՝ իմացել են»:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է:
Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ է հասցրել տատիկին: Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: