Բայդենն Ուկրաինայում ԱՄՆ դեսպան կնշանակի Բրիջիթ Բրինքին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել են Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պայտոնյաներին։
Ինչպես փոխանցում է գործակալությունը, Կիև կատարած այցի ժամանակ Բլինկենը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետներն Ուկրաինա կվերադառնան առաջիկա շաբաթվա ընթացքում։
Բացի այդ, հաղորդվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, պաշտոնապես կհայտարարի Սլովակիայում ներկայիս ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման մասին։ Նշվում է, որ այս պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի։