Միշտ էլ հիշել ու հիշեցրել ենք, որ ՀԱՊԿ անդամ ենք, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին այս պահին խոսակցություն չկա․ Թունյան

Միշտ էլ հիշել ու հիշեցրել ենք, որ ՀԱՊԿ անդամ ենք, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին այս պահին խոսակցություն չկա․ Թունյան

Երեկ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մեկնարկելու վերաբերյալ նախագծին, ինչին հետևեցին ռուսական կողմից կոշտ հայտարարություններ և քննադատություն՝ ուղղված ՀՀ իշխանություններին։ 

Մասնավորապես՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրեց, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և եթե Հայաստանը գնա դեպի ԵՄ, ապա էներգակիրները կթանկանան Հայաստանի համար։ Տնտեսագետներն էլ հիշեցրին, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսից ավելին դեպի ԵԱՏՄ երկրներ է իրականացվում, և ԵՄ գնալու դեպքում չեն կարողանալու այդ ծավալներն ապահովել եվրոպական երկրների հաշվին, քանզի հայկական ապրանքների պահանջարկը ԵՄ անդամ երկրներում շատ քիչ է։ 

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նախ հիշեցրեց, թե նորություն չէ, որ այդ երկու միությունները մեկը մյուսի հետ անհամատեղելի են, և երկիրը կա՛մ մեկի անդամ պետք է լինի, կա՛մ մյուսի։

«Դա դասագրքային ճշմարտություն է, այսինքն՝ երկուսն էլ տնտեսական կամ մաքսային միություններ են, և դու չես կարող միաժամանակ երկու միության անդամ լինել։ Ինչ վերաբերում է ԵՄ գնալուն, ապա Եվրամիություն մտնելը մի ամսվա կամ մի տարվա բան չէ, ինքը երկարատև պրոցես է, ու էնպես չի, որ վաղը օրենք ենք ընդունելու և մյուս օրը դառնանք Եվրամիության անդամ։ Սա, ուղղակի, եղել է քաղաքացիական նախաձեռնություն, որով առաջարկվում է այդ մասով հանրաքվե անցկացնել, ու մենք որոշել ենք դա Ազգային ժողովում քննարկել։ Թե դրանից հետո ինչ կլինի, հանրաքվեին, եթե ժողովրդի մեծամասնությունը կողմ էլ քվեարկի, մեկ է, դրանից հետո ահագին երկար ժամանակ կա, ու առաջինը մենք պիտի պատրաստ լինենք Եվրամիությանն անդամակցելու, հետո նոր ռեալ քայլեր կատարելու»,- ասաց Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ դա բարդ, երկար ու պատասխանատու աշխատանք է, որն իր մեջ ներառում է իր ռիսկերը: 

«Պիտի հասկանանք՝ մենք մի տեղից ինչ ենք շահում և մյուս տեղից ինչ կարող ենք կորցնել»։

 

-Իսկ ի՞նչ ենք շահում և ի՞նչ կարող ենք կորցնել։ Կորուստների մասին ռուսական կողմից արդեն մեզ պաշտոնապես ուղիղ ակնարկում են։

-Ռուսական կողմից կորուստների մասին առանց իրենց ակնարկելու էլ գիտենք, ու դրանք կարող են դրսևորվել՝ անկախ ամեն ինչից։ Բայց Հայաստանի Հանրապետությունը պիտի առաջնորդվի էն շահերով, որն իրեն է պետք։ Այսինքն, եթե երկրի շահերից բխում է Եվրամիությանն ինտեգրվելը, պիտի գնա այդ ճանապարհով, եթե չի բխում, չպիտի գնա։

-Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ դա մեր երկրի շահերից բխո՞ւմ է, թե՞ չի բխում։

-Իմ կարծիքով՝ ցանկացած տնտեսական միավորի անդամակցությունը պիտի լինի հիմնված շահերի վրա, ոչ թե սպառնալիքների։ Ու դա շանտաժ էլ չի, այլ նորմալ իրավիճակ է․ Միության անդամներն իրենց գործընկերների հետ այլ քաղաքականություն են վարում, մյուսների հետ՝ այլ։

-Տնտեսական առումով մենք կկարողանա՞նք մեր՝ ԵԱՏՄ շուկայի հաշվին իրականացվող 80 տոկոս արտահանումն ուղղել դեպի եվրոպական շուկա։

-Երբ որ որոշում կայացվի, ասենք՝ հանրաքվե լինի, ու մարդկանց մեծամասնությունը կողմ արտահայտվի, նոր այդ ժամանակ էդ հարցերի մասին արդեն կարելի է նորմալ մտածել, թե ինչը ինչով կարելի է փոխարինել։ Իսկ այս պահին նախագիծը վերաբերում է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հայտարարությանը, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։

-Բայց եթե կառավարությունը թույլ է տալիս, որ այդ հանրաքվեն անցկացվի, քաղաքական առումով սա մեսիջ չէ՞, արդյոք, աշխարհին, որ Հայաստանը դեմ չէ գնալ դեպի ԵՄ։ Ու եթե վաղը հանրաքվեով որոշվի, որ ուզում ենք մտնել ԵՄ, ի՞նչ ենք անելու։

-Հանրաքվեի ամբողջ «հմայքն» այն է, որ ինքն ունենում է քարոզարշավի փուլ, և այդ քարոզարշավի ընթացքում Ձեր նշած այդ բոլոր հարցերը պիտի դառնան շատ խորը քննարկման առարկա, թե ինչ ենք շահում, ինչ ենք կորցնում, ինչ ռիսկեր կարող են լինել այդ ճանապարհին, ինչքան կտեևի դա ու այսպես շարունակ։ Եթե այդ բոլոր հարցերի արդյունքում մեր հասարակությունը որոշի, որ, ամեն դեպքում, մեր ճանապարհը դեպի Եվրամիություն գնալն է, ուրեմն Հայաստանը պիտի գնա այդ ճանապարհով։ Եթե կորոշեն, որ ոչ, ուրեմն պիտի մտածենք, թե ինչպես այստեղ (նկատի ունի՝ ԵԱՏՄ-ում -խմբ.) մեր հնարավորությունները մաքսիմալ արդյունավետ օգտագործենք։ Այդ հարցերը հիմա շատ հում են, իսկ Ձեր ասած այդ հարցերը հիմա կարող են ի հայտ գալ նաև ԵԱՏՄ անդամ մնալու պարագայում։

-Իսկ ի՞նչ ռիսկեր եք Դուք տեսնում, և արդյունավետ համարո՞ւմ եք ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունը։

-ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունը ի սկզբանե եղել է՝ որոշակի սահմանափակումներ հաշվի առնելով, ամենակարևորն այն է, որ մենք չունենք ընդհանուր սահման ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, այսինքն՝ մենք երրորդ երկրի տարածքով ենք հատում ԵԱՏՄ սահմանը, ինչը բարդացնում է: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ այդ հնարավորություններից կարողանում ենք լիարժեք օգտվել։ Բայց, եթե վերցնում ենք երկկողմ առևտրի ցուցանիշները, այո, այդ առումով բավականին արդյունավետ է եղել։ Բայց մեր խնդիրը ոչ թե միայն առևտուրը զարգացնելն է, այլ մեր տնտեսությունը որակապես նոր մակարդակի բերելն է։ Հիմա արդյոք մեզ այդ հնարավորությունները տրվա՞ծ են ԵԱՏՄ կազմում, թե՞ մենք, ամեն դեպքում, եվրոպական ստանդարտներով պիտի առաջ գնանք։ Սա է որոշելիք հարցը, որ պիտի հասարակության կոնսենսուսով լինի։

 -Մեդվեդևը երեկ նաև սպառնալիքց ակնարկներ արեց Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ-ի մասով, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է նորից հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այս մասով ի՞նչ կասեք։

-Էստեղ մեկնաբանելու բան ընդհանրապես չունեմ, մենք միշտ էլ հիշել ու հիշեցրել ենք, որ ՀԱՊԿ անդամ ենք, պարզապես համապատասխան արձագանքը մյուս կողմից չի եղել։ Բայց ամենակարևոր հանգամանքը հետևյալն է՝ որևէ տնտեսական միություն պիտի գայթակղիչ ու գրավիչ լինի, և ոչ թե ստիպողաբար պետք է երկրներին փորձեն ներքաշել կամ պահել այդ միության մեջ, այլ պիտի էնպես լինի, որ երկրներն իրենք ձգտեն անդամակցել այդ միություններին։ Այսինքն՝ այդ սպառնալիքների լեզվով խոսելը լավ բան չէ։ 

Իսկ ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին այս պահին խոսակցություն չկա։ Երբ որոշում կկայացվի, որ Հայաստանը գործընթաց է սկսում Եվրամիությանն անդամակցության համար, ինչ-որ գործողություններ կլինեն, մյուս կողմից էլ կլինեն համապատասխան ռեալ քայլեր, այդ ժամանակ նոր կարելի է այդ մասին խոսել։

Վահե Մակարյան