Սիմոնյանի և Փաշինյանի հարաբերությունները հարթվել են․ զեկույցը՝ մայիսին. հատորյակներ են գրում․ Մամուլը՝ սուրճով

Սիմոնյանի և Փաշինյանի հարաբերությունները հարթվել են․ զեկույցը՝ մայիսին. հատորյակներ են գրում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ գրասենյակի տարածքում եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու դեպքով տարբեր վարկածներ են քննվում։ Իրավապահ համակարգը 3 օր է՝ ջանքեր է գործադրում դեպքը բացահայտելու համար։ Ամենաուշագրավն այն է, որ իրավապահ համակարգում քննվում է վարկած, որ պայթուցիկը վերոնշյալ տարածքում, չի բացառվում, որ տեղադրվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից։ Այսինքն՝ տեղի ունեցածը անձնական հողի վրա եղած թեմա է:

ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ:

Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական պարզել են, որ կեղծ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա էլ սուպերմարկետների ցանց բացել: Մեր հրապարակումից օրեր անց բացվեց «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցի առաջին սուպերմարկետը: Նշել էինք նաև, որ Նալբանդյանը ցանկանում է, որ իր սուպերմարկետների ցանցը Հայաստանում լինի ամենամեծը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նարեկ Նալբանդյանը միայն սուպերմարկետների սեփական ցանցով չի սահմանափակվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարն արդեն իսկ գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցություններ է վարում նաև «Քարֆուր» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի հետ՝ դրանք ևս ձեռք բերելու նպատակով:

Մեր տեղեկություններով, նախատեսվում է, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանին առաջարկում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։

«Հրապարակ» թերթը գրում է.

Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարծես հարթվել են։ ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի պատմությունից հետո ՔՊ-ականներն ասում էին, որ Սիմոնյանը կարծես մեկուսացել էր թիմից` չէր մասնակցում կուսակցական հավաքներին, բացակայել է ՔՊ վարչության մի քանի նիստից, որոնք վարում էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ նախօրեին մասնակցել է փակ նիստին, անգամ հումորներ է արել։

Դիցուք, Նիկոլ Փաշինյանին գլխի է գցել, որ խոսելու ընթացքում ձեռքով չհարվածի սեղանին, որի վրա ավազի ժամացույցներ են դրված եղել, քանի որ հարվածների ժամանակ ավազն ավելի արագ է հոսում, ու Փաշինյանի խոսելու ժամանակն արագ է սպառվում։

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ հայտնի պատմությունից հետո Փաշինյանը քանիցս փորձել է համոզել Սիմոնյանին, որ ոչ մի բան միտումնավոր իր դեմ չի արվել` թող չհավատա հակառակը պնդողներին, ինքը նույնքան սիրում եւ հարգում է նրան, եւ Քյարամյանի քայլերն իր դեմ չեն եղել եւ այլն։ Մեր աղբյուրներն ասում են, թե Ալեն Սիմոնյանի թիկունքում ՔՊ-ականները ծիծաղում են նրա միամտության եւ զարմանում Փաշինյանի խորամանկության վրա:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները առանձին հանդիպումներ են սկսել բռնի տեղահանված արցախցիների հետ: Իշխանական առանձին պատգամավորներ պարբերաբար հանդիպումներ են ունենում վարչական այս կամ այն շրջանում բնակություն հաստատած արցախցիների հետ:

Մեր տեղեկություններով՝ հանդիպումները նպատակ ունեն ստուգել արցախցիների տրամադրությունը, սիրաշահել նրանց, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ արցախահայերի վերաբերմունքը իրենց հայրենիքը հանձնած փաշինյանական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:

«Հրապարակ» թերթը գրում է.

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, հանձնաժողովի զեկույցն են պատրաստում: Տեղեկացանք, որ արդեն հինգ հատոր գրել են, առանձնացված մաս են ուղարկել դատախազություն, սակայն սա ամբողջ զեկույցի մի չնչին մասն է, դեռ հատորյակներ են գրվելու, եւ, ամենայն հավանականությամբ, մայիսին կներկայացվեն խորհրդարան եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցը, այս դեպքում էլ կքննարկեն փակ ռեժիմում։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, նորություն չէ: Սակայն նույնիսկ այս ոլորտում բոլորը չէ, որ պատրաստ են դեմ գնալ օրենքներին ու անվերապահ կատարել Փաշինյանի ցանկությունները, որոշ դեպքերում՝ անգամ «կապրիզները»:

Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են նշանակվում: Սակայն, որպես օրինաչափություն, Փաշինյանի «սրտի» դատախազներին ու քննիչներին հետաքրքիր ճակատագրեր են սպասվում. նրանք ոչ միայն պարգևատրվում են, այլև ծառայություններից օգտվելուց հետո, ի վերջո, նրանցից բավականին արագ ազատվում են: Ի մասնավորի, կարելի է հիշել նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկն էր: Մուշեղյանը, ինչպես հայտնի է, հիմնական «պատռվողներից» մեկն էր, որպեսզի Քոչարյանը պարտադիր ազատազրկված լինի։ Նրա հետ նույն գործն ու նույն տրամաբանությունը տանում էին նաև մեղադրողները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։

Հրաչյա Մուշեղյանը, որը երևի թե մեծ ակնկալիքներ ուներ Փաշինյանի իշխանությունից, ի վերջո, հայտնվեց լուսանցքում. դուրս եկավ համակարգից, դարձավ փաստաբան, իսկ անցած տարի՝ օգոստոսի 12-ին դարձավ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի «հեղինակ» (ի դեպ, ղեկին է եղել ոչ սթափ վիճակում), իսկ այսօր բավարարվում է նրանով, որ իրեն, որպես նախկին քննիչ, չեն կալանավորել, ժամանակավորապես ազատության մեջ է, ինչպես ասում են՝ մինչև մի լույս կբացվի։

Փաշինյանի իշխանության համար գլխավոր դատախազի պարտականությունները «բարեհաջող» իրականացրած Արթուր Դավթյանը նույնպես հայտնվեց լուսանցքում. մամուլը գրեց, թե ուր որ է Մոսկվայում դասախոսություններ պետք է կարդա, մի անգամ էլ կադրերում երևաց Արցախի թեմայով փողոց դուրս եկած ժողովրդի մեջ, ու այդպես էլ մինչ հիմա տեղեկություն չկա, թե ինչով է զբաղվում նա։ Բաղդասարյանն ու Պետրոսյանը նոր դատախազ Վարդապետյանի պաշտոնավարման հենց սկզբից դուրս մնացին համակարգից: Ճիշտ է, հետո նրանք պաշտոնների նշանակվեցին ՔԿ-ում, բայց այդ պաշտոնները, մեղմ ասած, «այն չէին»՝ հաշվի առնելով նրանց հավակնություններն ու Փաշինյանին մատուցած ծառայությունները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ «պայծառ ապագա» է սպասվում դատախազ Արթուր Դանիելյանին, որը հիմա ներգրավված է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և փողոցային ակցիաների մասնակից, ծնունդով արցախցի Սերգեյ Ասատուրովի «գործով»:

«Հրապարակ» թերթը գրում է.

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել: Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին: Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը:

Նաեւ հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու եւ ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա եւս համարելով անընդունելի վարք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ եւ ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր Կոնդ թաղամասի՝ ամբողջ ծավալով օտարման մասին՝ «նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»: Նույն խորհրդակցության ժամանակ խոսվել էր 139 000 և 214 000 ՀՀ դրամի մասին: Սա բավական բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ մարդկանց շրջանում տպավորություն էր առաջացել, որ խոսքը, ըստ գոտիականության, օտարման գնի (1 քմ-ի), այսինքն՝ փոխհատուցման չափի մասին է:

Իրականում, մեր տեղեկություններով, այս թվերը վերաբերում են տեղական տուրքին: Բանն այն է, որ Կոնդում այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ: Ուստի, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել փոխհատուցման հստակ չափի մասին:

Դրա համար քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, պետք է իրականացվեն թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2 տոկոսի չափով:

Ըստ այդմ, օրինակ՝ 100 քմ տարածքի համար համապատասխան հաշվարկներով կադաստրային մի գոտում (սահմանված արժեք՝ 139 հազար դրամ) այդ աշխատանքների համար քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ, իսկ կադաստրային մյուս գոտում (214 000 դրամ)՝ 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք:

Ինչ վերաբերում է Կոնդի բնակիչների փոխհատուցմանը, ապա այն իրականացվելու է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով, այսինքն՝ շուկայական արժեք + 15 % սկզբունքով:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արարատը՝ Արագածով, «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմությամբ» փոխարինող ու հարկատուին երկրի թիվ մեկ հերոս հռչակած Նիկոլ Փաշինյանն ամռանը Հայաստան է ուզում բերել 13- 18 տարեկան սփյուռքահայ պատանիների։

Միջացառումը կոչվում է «Քայլ դեպի տուն» եւ իրականացվելու է հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 24-ը՝ 6 փուլով, որոնցից յուրաքանչյուրին պետք է մասնակցեն 50-150 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի։ Այս միջոցառման իրականացման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է մոտ 107 մլն դրամ։

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին էր նախաձեռնվել «Արի տուն» ծրագիրը, եւ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ էին ժամանում Հայաստան: 2018-ից հետո իշխանությունը մի կարճ դադարից հետո այն վերականգնեց` «Քայլ դեպի տուն» անվան տակ: