«20 մլն դրամ»․ ՆԳ փոխնախարարը «գոլդ» համարների վաճառքի մասին
Ես չգիտեմ՝ ինչու են նման լուրեր տարածվում, որովհետև կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է, որտեղ հստակ գրված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե «00 oo 000» հաշվառման համարանիշը վաճառվել է 300 000 դոլարով:
Նրա խոսքով՝ փետրվարի 23-ին է հայտարարվել աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն «00 oo 000»-ի համար չի հայտարարվել:
«Աճուրդը տևում է 3 աշխատանքային օր, հետևապես, մինչև փետրվարի 28-ը աճուրդի իրականացման պրոցեսում ենք գտնվելու: Երբ աճուրդն ավարտվի, կիրազեկենք քաղաքացիներին: Այս պահի դրությամբ որևէ վաճառք չի եղել»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում որտեղի՞ց են այդ լուրերը, որտեղ անգամ նշվել է, որ գնորդը «Մերսեդես»-ի վարորդ է, փոխնախարարն արձագանքեց՝ չի կարող ասել, որովհետև քվեարկության ժամանակ էլ լուրեր էին տարածվել, թե արդեն վաճառված է։
«Երբ մենք ասում էինք 98 կամ ավելի բարձր թիվ, դա վերաբերում էր քվեարկություններին: Պրոցեսը հետևյալն է, սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդին, և հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է աճուրդի օրն ու աճուրդի ենթակա համարանիշների ցանկը: Պարտադիր չէ, որ մարդը քվեարկի ու մասնակցի աճուրդին, և հակառակը, կարող է անձը չքվեարկել, բայց հետո մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար: Այս պահի դրությամբ կոռեկտ չեմ համարում տվյալներ հրապարակել աճուրդի մասին: Այն մարդկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում: Ավարտից հետո կասենք, թե որ համարանիշներն են, որ զբաղեցված են»,- մանրամասնեց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է։
Մանրամասները՝ տեսանյութում։