Ադրբեջանցիների «ձեռքերը» հասավ ծննդատուն․ ավիրել են կնոջն ու Աստվածամորը խորհրդանշող պատկերաքանդակը

Ադրբեջանական «Տելեգրամ» ալիքները պարբերաբար կադրեր են հրապարակում օկուպացված Արցախի տարբեր բնակավայրերից։ Անթաքույց, վերացվում են հայկական ամեն ինչ. քանդվում և հողին են հավասարեցվում հուշարձանները, ձևափոխվում են վանական համալիրները, ամբողջական թաղամասեր ու պատմական գյուղեր` իսպառ վերացվում են։
Բաքվի կողմից իրականացվող էթնոցիդին MediaHub-ը հաճախ է անդրադառնում։ Այսօր արդեն Բաքվի ձեռքերը հասել են Ստեփանակերտի ծննդատուն։
«Երեկ՝ ապրիլի 7-ին հրապարակվեց Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի կադրերը։ Ես ու ինձ նման հազարավոր կանայք այդ ծննդատանն են մայրացել։ Այդ շենքի ամենագրավիչ պատկերը՝ Աստվածամոր մեծ քանդակն էր, որը փակցված էր մուտքի պատին, պատրաստված կարմիր քարով։ Հենց Տիրամոր ավետման տոնին են քանդել, կամ հենց այդ օրն են ցուցադրել։ Ես այդ ծննդատանն եմ զգացել մայրանալու բերկրանքը, հիմա անաստվածները ավիրում են։ Անիծվեն դավաճաններն ու թուրք շները»,-MediaHub-ին ասաց ստեփանակերտցի Մարտա Խաչատրյանը։
Մարտան ծննդաբերել է Արցախի բլոկադայի օրերին, երբ հիվանդանոցներում՝ դեղորայքը, խանութներում՝ ուտելիքը, տեղաշարժի համար վառելիքային նյութերը սուղ էին։
«Վաղվա օրվա հանդեպ ունեցած հավատով մենք անցանք ամենաբարդ ճանապարհով, բայց սարսափելին եկավ հետո։ Չեք պատկերացնում, բայց իմ տան համար այսքան չեմ անհանգստանում, որքան մեր հուշարձանների, մեր սրբությունների, որոնք պղծվում են։ Դրանք ցուցադրում են իրենց սոցիալական ցանցերով ու ոչ մեկ պահանջատեր չէ։ Հայաստանի իշխանության համար միևնույն է, ինչ որ տեղ ձեռնտու է, քանի որ Ադրբեջանի հետ համատեղ վերացնում են Արցախի հայկական հետքը, ավելին, վախենում են նույնիսկ Արցախ անունից, մինչդեռ, հենց ինքը Վերածննդի հրապարակից գոռաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ի՞նչ փոխվեց այսօր․ մենք էլ չգիտենք։ Բայց որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի խամաճիկն է, օրեցօր ավելի ենք համոզվում դրանում»,-ասաց նա։
Ինչո՞ւ է Ադրբեջանը ծննդատան արտաքին ճակատից հեռացրել մորը խորհրդանշող պատկերաքանդակը։ Մարտայի խոսքով՝ սա բարոյական բոլոր սահմաններից դուրս արարք է։
«Հիշո՞ւմ եք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ քանի անգամ է թիրախավորվել ծննդատունը, ընդ որում թե՛ հին, թե՛ նոր մասնաշենքերը։ Քաղաքացիական անձինք ու բուժաշխատողներ են վիրավորումներ ստացել։ Ո՞վ պատասխանատվության ենթարկվեց։ Ավելի ճիշտ՝ մենք պահանջատեր չեղանք»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան