Նիկոլի օրոք՝ 44-օրյա, երկօրյա պատերազմներում, Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ տվել ենք շուրջ 5100 զոհ

Նիկոլի օրոք՝ 44-օրյա, երկօրյա պատերազմներում, Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ տվել ենք շուրջ 5100 զոհ

Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում (27.09-08.11. 2020թ), երկօրյա պատերազմում (13.09-15.09.2022թ), ինչպես նաև Արցախի դեմ (19.09-20.09.2023թ) մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Բոլոր այդ գործողությունները, արդեն իսկ հայտնի ուրացողական, ապազգային քաղաքականության, ռազմաճակատում ստեղծված քաոտիկ իրավիճակի, թիկունքային և զորահամալրման անբավարար գործողությունների, երևարաժամկետ բլոկադայի ինչպես նաև պետական ոչ ադեկվատ կառավարման պատճառով ուղեկցվել են ահռելի տարածքային և նյութական կորուստներով:

Ժամանակ առ ժամանակ, նիկոլական հակապետական քարոզչությունը հրապարակ է նետում «արցախցիները չեն կռվել» կեղծ թեզը: Նպատակը՝ սեփական ուրացող-դավադիր քաղաքականության (արցախյան էջը փակելու) համար «բացատրություն», կամ ավելի ճիշտ՝ ինքնարդարացում հնարելն է:

Նիկոլի կառավարման երեք տարիներին (2020-23թթ) Արցախը տվել է մոտ 1150 զոհ, որը կազմում է ընդհանուր զոհերի 23%-ը, այսինքն յուրաքանչյուր 4 զոհից մեկը եղել է Արցախի մեր հայրենակիցը:

Հայաստանի բնակչության թիվը 25 անգամ մեծ է Արցախի բնակչության թվից: Մնացած հետևություններն արեք ինքներդ, որովհետև արցախցին, սյունեցին, երևանցին, գյումրեցին էջմիածինցին, մասիսցին, արմավիրցին և մյուս բնակավայրերի մեր բոլոր հայրենակիցներն էլ կռվել են: Բայց նրանց բոլորի թիկունքում հայրենիքը հանձնել է մեկ մարդ ու մեկ քաղաքական ուժ: Եվ այդ մեկ մարդն ու մեկ ուժը հայտնի են ամբողջ աշխարհին:

Իսկ արցախցիները կռվել և զոհվել են ոչ միայն Արցախում, այլ նաև Ջերմուկում, Սիսիանում ու այլ տեղերում:

Հ.Գ. 1․ Հիշեցնենք, որ ՀՀ Զինված Ուժերի մեծ մասը չի ներգրավվել ռազմական գործողություններում:

Հ.Գ. 2 ․ Միշտ սխալ եմ համարել մեր ժողովրդի տարբեր հատվածներին առանձնացնելու անառողջ սովորույթը: Բայց, քանի որ ստիպում են, ապա հատուկ ՔՊ-ի համար հիշեցնեմ Սարդարապատի հերոսամարտում ղարաբաղյան գնդի կարևոր մասնակցությունը, երբ որոշվում էր Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը: Ուղղակի արցախցիները երբեք ոչ մեկին երեսով չեն տվել՝ համարելով դա նաև իրենց խնդիրը:

Հ.Գ. 3․ Ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնել հանուն հայկական Արցախի: Բազմաթիվ լուսավոր կյանքեր, համատեղ ջանքեր ու միլիարդավոր դոլարների ռեսուրսներ են դրվել համազգային պայքարի ու հաղթանակների հիմքում: ՔՊ-ն այսօր կա, վաղը չի լինելու, իսկ նրանց դատական գործի բազմաթիվ հատորներում տեղ են գտնելու Արցախն ուրանալու և ենթադրյալ պետական դավաճանության ապացուցված դրվագները: Այնպես, որ այսօր ինչ կասի ՔՊ-ն կամ նրան սպասարկող սատելիտները՝ էական չէ»: