Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուրջ 600 մարդ անգործ կմնա. «Մալաթիա» տոնավաճառը կփակվի

Blog Image

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

 «Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

 Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1–ին։

Տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Այդ պայմանը սահմանող որոշումը կայացվել է 2015-ին, իսկ տոնավաճառը 1999-ից գործում է: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը: Մենք նոյեմբերին նամակ ենք ուղարկել, իրենք հանձնաժողով կազմեցին, ուղարկեցին, ստուգելուց հետո տվեցին արձանագրություն, որտեղ թվարկված են, թե որ խախտումներն ենք մենք վերացրել: Օրինակ, տարհանման ճանապարհներն ազատված են, ապահովված է մարդկանց անարգել տեղաշարժը: Հրդեհավտանգ  հիմնատարներով տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման  գծեր անցկացված չեն, ինչը դրական է, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում 200 մետր շառավղող նախատեսված է առնվազն մեկ հրդեհ հիդրանտ կամ նվազագույնը 50 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազան: Հրշեջների մոտենալը խոչընդոտող ոչինչ չկա: Առեւտրի կետերում մասնակի մոնտաժված է  հրդեհի ազդարարման ինքնաշխատ  համակարգով:

Մենք պայմանագիր ունենք ԱԻՆ-ի հետ, երբ ձայնային ազդանշանը տրվում է այստեղ, որ ծուխ է դուրս գալիս, ԱԻՆ-ը իմանում է եւ միանգամից գալիս են: Մենք փորձել ենք դա եւ աշխատում է:

Ծխի դատչիկները ամբողջ տարածքում դրված է, միայն վարչական շենքում չի դրված:

Մենք փորձեր արել ենք, իմ աշխատողները բոլորը հակագազ ունեն, գիտենք, ով պետք է հանգցնի հրդեհը եւ ինչպես:  Ունենք նաեւ կրակմարիչներ փրփուրներով եւ գազային: Մինչեւ հրշեջ մեքենան գալիս է, իրենք հասցնում են ամեն ինչ հանգցնել»,-ասաց նա:

Տնօրենի խոսքով, ծխի հեռացման ավտոմատ համակարգը գրեթե ոչ մի տեղ էլ չկա, միայն մոլերում կա. «Մասնագետներն ասացին, որ դրանք տեղադրելու համար 3 ամիս կպահանջվի, եթե տոնավաճառի աշխատանքը դադարեցվի, եթե ոչ, կարող ենք աստիճանաբար տեղադրել: Ես այդ աշխատանքը չեմ սկսել, որովհետեւ հանձնարարված է փակել: Ես խնդրել եմ, որ  մինչեւ ամսի 1-ը մարդկանց ձեռք չտան, ամսի 1-ից կհայտարարեմ, որ տոնավաճառը փակվում է: Ամեն ինչ քյասիբի գլխին է գալիս, իրենք վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու: Նրանք օրական 2 հազար դրամ են վճարում»,-ասաց նա:

Հարցին, թե տոնավաճառում գտնվող ապրանքի հետ ինչ է լինելու, Ավետիսյանը պատասխանեց. «Ես կաշխատեմ, որ հնարավորության դեպքում նորից բացենք տոնավաճառը: Կխոսեմ որոշ մարդկանց հետ, եթե ոչ, պետք է ժամանակ տամ, որ դատարկեն պահեստները: Ես կամ կշարունակեմ այստեղ աշխատել, կամ այս տարածքում բիզնեսը կփոխվի: Դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու»:

Տոնավաճառի աշխատողները եւս անակնկալի են եկել այս որոշումից. «Մեզ հանկարծակիի են բերել, այսպես չի կարելի: 30 տարի էստեղ աշխատում եմ: Իսկ փակելուց առաջ այլընտրանք առաջարկե՞լ են: չեն առաջարկել: Մոլերից ոչնչով չի տարբերվում, լուսավոր, մաքուր, հարմարավետ, հակահրդեհային պայմաններ են ստեղծե, օդափոխիչներ են բերել, շրջան սարքեր են ետղադրել: Էլ ի՞նչ է պետք անել:  Հիմա որ փակում են, ի՞նչ ենք անելու, տարիքս առած եմ, Հայաստանում աշխատանք։ ուրիշ չկա»,-ասաց առեւտրականներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ապրանքը տեղափոխելու տեղ չունեմ: Այսքան ապրանքը ի՞նչ եմ անելու, բավական մեծ գումարներ ենք ներդրվել: Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու:  Կոչ կանենք կառավարությանը չփակել, մարդիկ վարկերի տակ են, կմնան առանց հացի: Բոլորիս եկամտի աղբյուրն էլ սա է, այսքան ընտանիք մնալու է առանց ապրուստի միջոցի:

Թող իշխանությունը փակելուց առաջ մտածի, թե ինչ այլընտրանք է մեզ առջարկում: Անմիտ քայլ է, վերցնել ու փակել տոնավաճառը: Կարող են ժամանակ տալ, մարդիկ թրությունները կվերացնեն: Ես միլիոնների վարկեր եմ վերցրել, էդքան ապրանք ունեմ, հիմա էդքան ապրանքը վերցնեմ ո՞ւր գնամ»:

Send