Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդություններից մեկը կքննարկվի փակ. «Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդություններից մեկը կքննարկվի փակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության երեք միջնորդություններից մեկը խորհրդարանում կքննարկվի փակ նիստով, քանի որ այն գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել: Մյուս երկու միջնորդություններն արդեն կքննարկվեն բաց նիստով, որի ժամանակ էլ, ԱԺ պատգամավորների մեծամասնության որոշմամբ, Օհանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն թեեւ վերջնական որոշում չունի այս մասով, բայց, ամեն դեպքում, մեծամասնությունը տրամադրված է համաձայնություն տալ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Պատճառն էլ այն է, որ չեն ցանկանում հակադրվել դատախազության որոշմանը: Տեղեկացանք նաեւ, որ թեեւ այս օրերին խմբակցության ներսում թեժ քննարկումներն են գնում, բայց ՔՊ-ն ամբողջ կազմով կհավաքվի միայն նստաշրջանի նախորդ օրը՝ փետրվարի 6-ին, որի ժամանակ էլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մյուս պատգամավորներին կտեղեկացնի ընդդիմադիրների մասով խմբակցության որոշման մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրականացվող այս գործընթացին, գտնում են, որ անվտանգային նման լարված իրավիճակում քաղաքական «շոուների» ժամանակը չէ: Այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Իշխան Սաղաթելյանը, որոնք էլ որոշում են՝ ինչ հակահարված են տալու իշխող ֆրակցիային:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում