Ասում է՝ 5000 մարդ է զոհվել, ու պատճառը զինանշանն է․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

Ընդդիմությունը վերցնում և քննարկում է այն օրակարգը, որ ՔՊ-ն է առաջարկում։ Արդյո՞ք այս իրավիճակում այդ օրակարգերը վերցնելը ճիշտ է։ ԱԺ պատգամավորների ճեպազրույցի ճամանակ նման հարց ուղղվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։

Ի պատասխան՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց օրակարգը չի փոխվել։

«Իմ անձնական կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների օրակարգը Փաշինյանի խմբակի կողմից նետված կեղծ օրակարգ է։ Ես չեմ կարծում, որ իրենք այդ գործընթացը կհասցնեն ավարտին։ Սահմանադրության իրենց հնչեցրած թեզերին Հանրապետականը խիստ դեմ է, բայց ես չեմ կարծում, որ դա պետք է լինի միակ դիսկուրսը։ Բնականաբար, այն թեզերը, որոնք հնչեցվում են, Հանրապետականը դեմ է»,- նշեց ննա։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանի համար այս պահին կարևորագույն օրակարգն այն է, որ հիմնական բանակցողն այս պահին զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ։

«Մի պահ խելք էին հավաքել ու ասում էին, որ առանց միջնորդի բանակցային գործընթացն անհնար է, բայց հիմա արվում են ինչ-որ հրապարակային ու ոչ հրապարակային գործողություններ, որոնցից կարելի է ենթադրել, թե Փաշինյանն ուզում է դրան համաձայնել։ Այսինքն՝ առանց միջնորդի, առանց երաշխիքների բանակցությունների, ինչը պարզապես ինքնասպանություն է»,- նշեց նա։

Ըստ խմբակցության ղեկավարի՝ իշխանափոխությունը ոչ միայն ՀՀԿ-ի օրակարգն է, այլ միակ փրկության տարբերակն է։

«Եթե տեսնենք՝ ինչ ականներ են դրվել բանակցային գործընթացի տակ ու շարուկում են դրվել, կտեսնեք, որ ՀՀ-ն այլընտրանք չունի, քան Փաշինյանի հեռացումը։ Էդ մարդը երկիրն ուզում է պահել՝ Կառավարության շենքի պատին Արագածը նկարելով։ Ինքը համարում է, որ մեր երկրի միակ պրոբլեմը զինանշանը, դրոշն ու օրհներգն են։ Ոչ միայն անփորձ է, կրթություն չունի, այլ նաև իր սխալներն ընդունելու ունակություն չունի։ 5000 մարդ ա զոհվել, ասում ա՝ զինանշանն էր մեղավոր։ Այնպես որ մեր օրակարգը չի փոխվել»,- ամփոփեց խոսքը Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։