Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել են տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։