Հիմա էլ կպան ընտանիքին․ «դե յուրե» ամուսինների կողմից արժեքների խեղումը շարունակվում է

Հանուն ոչնչի հազարավոր տղաների զոհվելու ուղարկած Աննա Հակոբյանն ու նրա, պարզվում է, քաղաքացիական ամուսին Նիկոլ Փաշինյանը շարունակում են հայկական ավանդական արժեքների դեմ իրենց պայքարը։ Թեպետ, ճիշտ չէ շեշտել միայն հայկական և ավանդական արժեքների մասին, քանզի այն ամենը, ինչ անում է այս «չամուսնական» զույգը, իրականում արշավ է պարզ, մարդկային և բարոյական արժեքների դեմ։
Եկեղեցու, կրոնի, հայրենիքի, ընտանիքի, կրթության, ծնողի և զավակի հանդեպ սերը համամարդկային արժեքներ են, որոնք գուցե այսօր գնալով խեղաթյուրվում են «քաղաքակիրթ» աշխարhի շատ «զարգացած» երկրներում, բայց դեռ պահպանվում են Հայաստանում։ Ու այսօր այս «մարդ ու կնիկը» ամեն օր իրենց բան ու գործը թողած՝ ֆեյսբուքում, տիկտոկում և ինստագրամում այս արժեքների դեմ հետևողական պայքար են տանում։ Թեև, նրանց բան ու գործը, իրականում, հենց սա է՝ խեղել հայ ժողովրդի արժեհամակարգը, խեղաթյուրել մեր ազգի արժեքները, դեգրադացնել հասարակությանը, որ նրանք դառնան բառացիորեն զոմբի՝ սպառողի հոգեբանությամբ, զուրկ իրական, մարդկային և ամենակարևորը՝ բարոյական արժեքներից։ Չէ՞ որ նրանք հենց այս առաքելությամբ են եկել իշխանության՝ Արցախը հանձնելու «սուրբ գործից» բացի։
Այս զույգն ուզում է, որ մենք՝ Հայաստանում ապրող հայերս, չունենանք պետության, հայրենիքի, ընտանիքի, բարոյական արժեքների վերաբերյալ առողջ ու բանական ընկալումներ։ Նրանք իշխանության եկած օրվանից հետևողականորեն արշավ են տանում եկեղեցու, հայրենիքի, մեր պատմական ու նաև իրական հայրենիքի, այդ հայրենիքի սահմանների, հետո նաև այդ հայրենիքի հերոսների դեմ, պայքար են տանում իրական հերոսներին արժեզրկելու ուղղությամբ, որ հերոս ճանաչեն ոչ թե հայրենիքի համար իր կյանքն անձնուրացաբար չխնայողին, այլ հարկ վճարողին և այսպես շարունակ։ Հիմա էլ հասել են ընտանիքին։
Ահավասիկ, երեկ Փաշինյան-Հակոբյան զույգը իրենց՝ պետության հաշվին ոչ մի կերպ չտաքացող կառավարական ամառանոցում նստել ու տեսախցիկի առաջ պատմում էին, թե իրենք քանի տարի է՝ ինչ միասին են, այսինքն՝ ամուսնացած են, բայց, իրականում, այդքան էլ ամուսնացած չեն։ Ու հրճվում են իրենց ասածի վրա։
Փաշինյան-Հակոբյան զույգի արական կողմն ասում է, որ իրենք 27 տարի է՝ միասին են, բայց հարսանիք չեն արել, որևէ պաշտոնական արարողություն չեն արել և, ըստ էության, դե յուրե ամուսնացած չեն։
«Բայց, դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք։ Բայց դե, մյուս կողմից էլ, նոր մտածեցի, որ մեր հարաբերությունները դե յուրե ո՞նց են ամրագրված, ամրագրված են մեր ընդհանուր երեխաներով, որ դե յուրե դա ճանաչված ա, և, փաստացի, արդեն որերորդ տարին դու հայտարարագիր ես լրացնում՝ որպես վարչապետի կին։ Եթե էդ հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չկա»,- դիմելով իր կողմը նստած «դե յուրե» կնոջը՝ ասում է նրա «դե յուրե» ամուսինն ու հավելում, որ իրենք 27 տարի է՝ ամուսնացած են, բայց ամուսնացած չեն։
Ի՞նչ է ուզում սրանով ասել Փաշինյանը՝ միայն հայտարարագրով իր կինը համարվող Աննայի հետ միասին։ Ուզում է ասել, որ մարդիկ կարող են իրար հետ ֆռֆռալ, կենակցել, երեխաներ ունենալ և այդ ամենը որևէ իրավական փաստաթղթով, իր ասած՝ ԶԱԳՍ-ի թղթով չամրագրվի, և որևէ հոգևոր-բարոյական արժեքներով էլ չկապվի, այսինքն՝ եկեղեցով այդ միությունը չօրհնվի։
Այսինքն՝ պրոպագանդում են «անօրինական» ամուսնությունները, որ վաղը, մյուս օրը, ամուսիններից որը ինչ ուզենա՝ անի, և ո՛չ Աստծու առաջ պատասխան տալու բան ունենա, ոչ՝ օրենքի։ Ընտանիքի մոդելն են խեղաթյուրում, ընտանեկան և ամուսնական արժեքներն են խեղաթյուրում, հընթացս նաև եկեղեցու դերակատարության վրա են քար գցում, որ կարելի է ոչ միայն օրենքով չամրագրել ամուսնությունը, այլև՝ եկեղեցով, որ հետագայում ազատ լինես քո գործողություններում։ Թեպետ, հանուն արդարության նշենք, որ այսօր շատ զույգեր, լինելով ԶԱԳՍ-ով և եկեղեցով միավորված, շատ ավելի անհավատարիմ, անօրեն և հակաքրիստոնեական կյանք են վարում, քան այդ ամենից դուրս իրենց կյանքը միասին կառուցածները։
Վահե Մակարյան