Փաշինյանով խաղաղություն չի հաստատվի

Ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանի պաշտպանական կառույցը հայտնում է երեք զոհի մասին։
Ադրբեջանական զինուժն երեկ կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ:
Մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում, հարևանությամբ հայկական կողմը սկսեց ինժեներական աշխատանք կատարել, զուգահեռ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե տեղում բանակցում են, որ ադրբեջանցիները հետ քաշվեն:
Երեկվա արյունոտ այս փոխհրաձգությունը հենց այդ տեղանքում է եղել. 16:00-ից սկսել են կրակել, հրաձգային զինատեսակներով, ապա անցել ականանետային կրակի։
Պաշտոնական այս տեղեկատվությունից դուրս կատարենք մի քանի կարևոր արձանագրումներ:
Ըստ էության, հաստատվում է փորձագիտական այն վարկածը, որ Բաքուն որդեգրել է լոկալ սադրանքների, սողացող պատերազմի մարտավարությունը՝ արդեն սուվերեն Հայաստանի տարածքում, ինչը նրան հնարավորություն է տալիս, մի կողմից՝ կարևոր դիրքեր գրավել մեր երկրի տարածքում, մյուս կողմից՝ ուժեղացնել իր բանակցային դիրքերը: Սրան, ցավոք, պաշտոնական Երևանը ոչինչ հակադրել չի կարողանում:
Ըստ էության, հաստատվեցին հոռետեսական այն կանխատեսումները, որ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող գործոն չէ ադրբեջանական ագրեսիայի համար, ընդսմին՝ անհասկանալի ու մշուշոտ են մնում Հայաստանի հարաբերությունները Մոսկվայի և ՀԱՊԿ-ի հետ:
Այնպես չէ, որ Հայաստանում իշխանափոխությունը չեղարկելու է Ալիևի ագրեսիվ պլանները: Բայց Նիկոլ Փաշինյանը պարտության սիմվոլ է ու նրա հրաժարականը դրական փոփոխության ազդակ է: Փաշինյանով խաղաղություն չի հաստատվի:
Սա ճշմարտություն է. ոչ մի պարտված ղեկավար չի դարձել ազգային վերածննդի խորհրդանիշ:
Վահրամ Բագրատյան