«Ես կարծում եմ՝ պետք ա կռիվը շարունակվեր»․ ո՞վ հանձնեց Արցախը՝ ըստ Առուշանյանի

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին վերջերս հաճախ ենք տեսնում մայրաքաղաք Երևանում։ Այսօր ևս նա Երևանում է, և MediaHub-ը ֆիքսեց, թե ինչպես է Առուշանյանն իր «սկանդալային» 0-ներով համարներով թանկարժեք Mercedes G-Class-ով մտնում Սուրբ Սարգիս եկեղեցու բակ։ Երբ մոտեցանք ու հարցրինք՝ ի՞նչ նպատակով է եկել այստեղ, ասաց՝ աղոթելու։

Կեսկատակ հարցրինք՝ մեղքերի թողությո՞ւն է խնդրելու, Առուշանյանն ասաց․ «Չեմ կարծում, թե մեղքեր եմ գործում, ամեն Աստծու օր եկեղեցի եմ այցելում»։

Նրան հարցրինք նաև իր դեմ հարուցված քրեական գործից և իրեն նորից կալանավայր տեղափոխելու վերաբերյալ դատարանի որոշումից, ինչին ի պատասխան՝ Գորիսի քաղաքապետն ասաց, որ իր փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը, բայց եթե որոշվի, որ պիտի գնա և նստի, ինքը պատրաստ է դրան։

Հարցրինք նաև՝ չի՞ կարծում, որ իր դեմ այս գործընթացի տակ քաղաքական ենթատեքստ կա, քանզի եթե ինքը «խելոք նստած լիներ իր տեղում» և քաղաքական պայքարի մեջ չմտներ, իշխանություններն իր դեմ քրեական գործեր չէին նախաձեռնի։

Ի պատասխան՝ Առուշանյանը նորից կրկնեց, որ իր դեմ իրականացվող այս քրեական հետապնդումների տակ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում ու նորից հիշեցրեց, որ իր պայքարը Արցախի համար էր, և պատերազմը պետք է շարունակվեր։

Իսկ հարցին, թե ընդունո՞ւմ է, որ այս իշխանությունները հանձնեցին Արցախը, քանզի իրենք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, Առուշ Առուշանյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ․ «Էս վերջին էն դրվագում, ինչ եղավ Արցախում վերջնական բլոկադայից հետո, ես կարծում եմ՝ պետք ա կռիվը շարունակվեր»։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան