Բաքվի բացահայտումները 

Բաքվի բացահայտումները 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, սակայն հավելել են, թե խաղաղ բանակցությունների ավարտի համար կան «որոշակի մարտահրավերներ և ռիսկեր»։

Ռիսկերի և մարտահրավերների շարքում ԱԳՆ-ն նշել է «Հայաստանի ռազմականացումը և Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնությունները»:

Բաքվից փաստացի ակնարկում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր չեն համարում, քանի դեռ պաշտոնական Երևանը չի գնացել սահմանադրական փոփոխությունների կամ չի դադարեցրել ռազմատեխնիկական համագործակցությունը մի քանի երկրների հետ:

Ադրբեջանն, ըստ էության, դնում է Հայաստանի դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի պահանջ ու դա անում է COP29-ից առաջ, երբ թվում էր՝ ավելի կառուցողական դիրքերից հանդես գալու անհրաժեշտություն ունի:

Ավելորդ է ասել, որ կարևոր համաժողովից հետո Բաքվի դիրքորոշումն ավելի կարծր է դառնալու:
Ալիևն, ըստ էության, ընտրել է Հայաստանին խաղաղություն պարտադրելու, այսպես կոչված, վերսալյան մոդելը՝ ձգտելով Հայաստանից կորզել առավելագույնը:

Հայաստանի իշխանությունը, դրան հակազդելու փոխարեն, նպաստում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը՝ վարելով «առանց բայցերի խաղաղության» անատամ քաղաքականությունը:

Սուրեն Սուրենյանց