«Գործը շինծու է»․ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված

«Գործը շինծու է»․ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված

Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանին դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ այսօր քննում էր «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման որոշումը։

Լրագրողների հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ դատական նիստերը ցույց են տալիս, որ գործը շինծու է։ «Իմ կալանքն ընդամենը պատժելու միջոց է՝ բացարձակ քաղաքական դրդապատճառներով»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ ՔԿ-ի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։

Հաջորդ դատական նիստը հուլիսի 21-ին է, փաստաբան Արթուր Հարությունյանի խոսքով՝ տպավորություն է, որ դատավորը ուշ է նշանակել դատական նիստը, որպեսզի իր վրա պատասխանատվություն չվերցնի և որոշում կայացնողի դեր չստանձի։

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը նշեց, որ ակնհայտ է, փորձում են Չալաբյանին անհիմն պիտակավորել։ «Չի ստացվելու։ Չալաբյանի ելույթից էլ պարզ դարձավ, որ նրա ոգին ամուր է և վստահ ենք, որ Չալաբյանը շուտով ազատության մեջ կլինի»։

Լիանա Թորոսյան