Ոստիկանները ներողություն են խնդրում, բայց քրեական մարմինները ոչինչ չեն անում․ զոհվածի ծնող

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում չեմ եղել, բայց շրջանից հասել եմ այստեղ, որ լինեմ մեր ծնողների կողքին։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Անդրեաս Անդրեասյանի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը։

«Մարդկային նորմերի մեջ չի մտնում զոհված զինծառայողների ծնողների հետ այդպես վարվելը։ Քանի այս իշխանությունն է, ես ոչ մի սպասելիք չունեմ: Ոստիկանները ներողություն են խնդրում, բայց քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»,-ասաց զոհված զինծառայողի հայրը, հավելելով, որ գործընթացը ձգձգում են՝ մարդկանց նյարդային վիճակի մեջ գցելով։ 

Տիգրան Անդրեասյանը նշում է, որ այժմ Քննչական կոմիտեի դիմաց այն մարդիկ են, ովքեր հայրենիքին են տվել իրենց ամենաթանկը ու հետ կանգնելու ոչ մի քայլ չունեն, այլևս ոչինչ չունեն կորցնելու։

«Շարքային ոստիկանն ինքնագլուխ որոշում չի կայացրել, չեմ կարծում ինքնագործությամբ են զբաղվել, եթե այդպես է՝ դարձյալ պետք է պատասխան տան։ Պետք է պատասխան տա թե՛ հրաման տվողը, թե՛ հրաման կատարողը»,-խոսքն ամփոփեց Անդրեասյանը։

Այսօր ՀՀ քնչական կոմիտեում առերեսումներ են՝ պայմանավորված  2022 թվականի սեպտեմբերի 21 -ի դեպքով, երբ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ 

Մանրամասները ՝ տեսանյութում։