Փաշինյանի քաղաքականության «արդյունքը» 

Փաշինյանի քաղաքականության «արդյունքը» 

Երեկ աշխատանքային այցով Մոսկվայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկում էր ռեգիոնալ անվտանգության հարցեր, հայտնում էր իր երկրի պատրաստակամությունը՝ միանալ մի քանի մեգանախագծերի:

Ավելորդ է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են հատակին, և դրական որևէ ազդակ չկա, որ դրանք լավարկվելու հեռանկար ունեն:

Սակայն տխուր է այն, որ արևմտյան ուղղությամբ նույնպես մենք տեսանելի ձեռքբերումներ չունենք:

Բրյուսելի՝ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը դարձավ այն «պրյանիկը», որը ճանապարհ բացեց Փաշինյանի կողմից Ադրբեջանին արվող միակողմանի զիջումների համար: Արևմտյան բոլոր դերակատարները դա ողջունել են:

Փաստորեն ստացվում է՝ Արևմուտքին ամեն կերպ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում՝ անկախ դրանց բովանդակությունից, ինչը միանգամայն ներդաշնակ է Ալիևի օրակարգին:

Մինչ Փաշինյանն, Ալեն Սիմոնյանը հավատարմության երդումներ են շռայլում Արևմուտքի ուղղությամբ, Բրյուսելում կամ Վաշինգտոնում մտածում են ոչ թե Ադրբեջանին, այլ տարածաշրջանում Ռուսաստանին և Իրանին զսպելու մասին:

Այս խճանկարում Հայաստանի համար կենսական է բալանսավորված քաղաքականության իրականացումը, որովհետև Փաշինյանի զրոյական արդյունքով քաղաքականությունը սպառնում է Հայաստանի անվտանգությանը:

Վահրամ Բագրատյան