ՔՊ-ական Նարեկ Բաբայանն արդարացացնում է ծեծը, իսկ քաղաքականությունը համարում կապիկություն

Պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, այսօր Ազգային ժողովում «իմպիչմենտի» գործընթացն անվանեց կապիկություն, այնուհետև տառացիորեն կրկնեց Ալեն Սիմոնյանի ասածը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց են ուզում սկսել 4 տարի անց։ Բնականաբար Ալեն Սիմոնյանի խոսքերը ներկայացրեց որպես սեփական միտք, այդպիսով ոչ միայն ի ցույց դնելով իր քաղաքական տգիտությունը, այլև ձեռքի հետ քծնելով ԱԺ նախագահին։
Լենա Նազարյանի ամուսնուն հարկ է հիշեցնել, որ «իմպիչմենտը» քաղաքական գործընթաց է, այդ գործընթացին կարող է տրվել միայն քաղաքական գնահատական, ընդ որում այն չունի վաղեմության ժամկետ, բացի օրենքով նախատեսված սահմանափակումներից։ «Իմպիչմենտի» գործընթացին կարող են այլ ուժեր միանալ, այլ ուժեր էլ մերժել, սակայն թե՛ միանալու և թե՛ մերժելու հիմքում միայն քաղաքական դրդապատճառներն են, մնացած գնահատականները, որոնք ապաքաղաքական են, մատնացույց են անում այդ գնահատականն արտաբերողի քաղաքական մտքի սնանկությունը։
Սույն երեսփոխանը շարունակում է իր տգիտությունը հիմնավորել նրանով, որ ՔՊ-ում բոլորը Նիկոլ Փաշինյանից գոհ են ու որևէ պատճառ չկա միանալու «իմպիչմենտին»։ ՔՊ-ն պետք է հանդես գա պարզաբանմամբ, արդյո՞ք այս փողկապավորին լիազորել է ամբողջ կուսակցության ու խմբակցության անունից հանդես գալու, թե՞ նա կարող է արտահայտել միայն իր ընտանիքի դիրքորոշումը։ Իսկ իրենք՝ ինքն ու Լենա Նազարյանն, անշուշտ գոհ կլինեն Նիկոլ Փաշինյանից, քանի որ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, երբ ամուսիններով միաժամանակ լինեն պատգամավոր, այն էլ ներկայացնեն նույն խմբակցությունը։
Հետևելով սույն մորուքավորի մտքի ընթացքին, ակնհայտ է դառնում, որ նրա «քաղաքական» բառապաշարը բաղկացած է միայն վիրավորանքներից, քանի որ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի կողմից Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու փաստին, նա վերջինիս անվանում է թափթփուկ ու բառացիորեն արդարացնում Նոր Նորքի թաղապետի արարքը։
Զարմանալի է, որ ծեծը արդարացնում է մի մարդ, որի արտաքինից դատելով, վստահաբար կարելի է պնդել, որ նա երբեք չի համարձակվի ձեռք բարձրացնել որևէ մեկի վրա, բայց կարծես պատգամավորի մանդատը նրան հաղորդել է ավելորդ ինքնավստահություն, որից միանշանակ նա զրկված կլինի, եթե պատահաբար այդ մանդատը մոռացած լինի մյուս կոստյումի գրպանում։
Տհաճ է, իհարկե, շեղվել քաղաքական բառապաշարից, սակայն յուրաքանչյուրի հետ պետք է խոսել միայն իրեն հասկանալի լեզվով ու Նարեկ Բաբայանին հիշեցնել, որ քաղաքական դաշտը «կապիկացել է» այն ժամանակ, երբ իրեն հանեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, այնուհետև դարձրեցին պատգամավոր։
Ազգային ժողովը երկրի թիվ մեկ քաղաքական մարմինն է ու նախքան այնտեղ հայտնվելը, մարդիկ սկզբից զբաղվում են քաղաքականությամբ, հետո նոր դառնում պատգամավոր, եթե, իհարկե, առհասարակ դառնում են, որովհետև հաճախ նույնիսկ տարիների քաղաքական փորձը չի կարող երաշխիք լինել մանդատ ստանալու համար։ Իսկ երբ հանգամանքների բերումով խորհրդարանի միջանցքներում դեգերում են մարդիկ, որոնք ունեն քաղաքական զրո կենսագրություն, գրագիտություն ու անցած ճանապարհ, նրա աչքին ամեն ինչ կապիկություն է երևում, եթե դա թելադրված չէ իր վերադասի կողմից։
Քաղաքական կենսագրության բացակայությունը մարդուն զրկում է նոր իրավիճակին ադապտացվելու հնարավորությունից, զրկում է նաև քաղաքական բառապաշարով արտահայտվելու ընկալումից, ու ցավալիորեն նույնիսկ ԱԺ պատգամավորի աթոռին, նա իրեն ավելի հարմարավետ է զգում ջեռուցման և հովացման համակարգերի տեղակայման մասնագետի կարգավիճակում (սա այն աշխատանքներից մեկն էր, որով զբաղվում էր Նարեկ Բաբայանը, նախքան իր կնոջ՝ Լենա Նազարյանի ԱԺ փոխնախագահ ընտրվելը)։
Կարեն Կարապետյան