2020 թվականի նոյեմբերի իննի հայտարարությամբ սահմանվում է, որ Լաչինի միջանցքում վերահսկողությունը ռուս խաղաղապահներն են իրականացնում, բայց այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է։
Առաջին հանգամանքն, ըստ պատգամավորի, այն է, որ հայկական կողմն է որպես ստորագրող կողմ այդ լիազորությունները տվել ՌԴ-ին, ուստի ունի պատասխանատվություն:
«Եվ երկրորդ, ընդունենք իրավիճակը, որ ռուս խաղաղապահները պատշաճ ձևով իրենց պարտականությունը չեն իրացնում, և արցախցիների վիճակը կյանքի ու մահի միջև է։ Հիմա չպետք է սկսենք պատասխանատուներ գտնել։ Այս իշխանությունն է ստեղծել վիճակ, որ ընտրությունը վատի ու վատթարի մեջ է»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորը նկատեց՝ հարցը հայկական կողմը դիտարկում է հումանիտար աղետի տեսանկյունից, բայց պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական խնդիր է։
«Եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, միևնույն է՝ դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։