Խայտառակ վիճակ ԿԳՄՍՆ-ում, Թաղային հեղինակությունները հուսախաբ են անում ՔՊ-ին․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Պարզվում է՝ հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին:«Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, եւ ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել է փոխնախարարը:
Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված:
Ստացվում է՝ նախարարությունը անգամ չի կարողանում մրցույթ հայտարարել, պատշաճ պատրաստվել Գիտելիքի օրվան, ու պետք է դպրոցները սպասեն, մինչեւ այդ հարցը կլուծվի: «Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում եւս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի եւ նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։
Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հասցնում է լինել գրեթե բոլոր քարոզչական եւ քաղաքական միջոցառումներին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է, չի հասցնում իր ոլորտում առկա խնդիրները լուծել ու այն առաջնային համարել: Կրթական տարին սկսվում է առանց գրքերի, իսկ նախարարը հետաքրքրված է լողի սիրողական մրցաշարով:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունները պատրաստվում եմ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է համաձայնագրին հավանություն տալու հարցը։ Ըստ այդմ՝ Հունաստանը պետք է Հայաստանին տեխնիկական միջոցներ տրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար։
«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է հիմնավորման մեջ։ Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա կարծես թե տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, երկու օր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպել է Երևան քաղաքի վարչական շրջանների երեք ղեկավար՝ վերջիններիս նախաձեռնությամբ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության հնարավոր եզրերը թե՛ նախընտրական փուլում, թե՛, առավել ևս, հետընտրական շրջանում՝ կախված ընտրությունների արդյունքներից...
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող ՔՊ-ում առանձնապես գոհ չեն Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Ներքին բուռն քննարկումներ են ընթանում, որ կազմակերպված, տպավորիչ, ազդեցիկ միջոցներ չեն ընտրել քարոզարշավի համար։ Բացի այդ, թաղային հեղինակություններն էլ կարծես հուսախաբ են անում` չեն օգնում, թեպետ նախապես խոստացել էին, որ ոչ միայն ձայներ կբերեն, այլեւ հանդիպումներին մասովկա կապահովեն:
Սակայն ՔՊ-ում հատկապես քննարկման թեմա է դարձել Էրեբունի համայնքում Ավինյանի՝ մի քանի օր առաջ անցկացրած քարոզարշավը, որը ոչնչով չէր տարբերվում մյուս համայնքների հետ հանդիպումներից: Թեպետ հույս ունեին, որ Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կկատարի իր խոստումները, եւ ամենատպավորիչ հանդիպումն այստեղ կկայանա: Իզո՞ւր է, որ Սեդրակյանի որդին այդքան տենդերներ է շահում եւ իշխանավորների հետ ջերմ հարաբերություններ է հաստատել»: