Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպում է սերիաներով, Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. Մամուլը՝ սուրճով

Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպում է սերիաներով, Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին խորհրդարան կգնա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ: Մեր տեղեկություններով՝ նախնական փակ հանդիպումը նշանակված է առաջիկայում, սակայն Փաշինյանի գրաֆիկից կախված՝ հնարավոր է՝ ինչ-որ փոփոխություններ լինեն: 

Մեզ ասացին, որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են եւս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։

ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։

Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է` իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, եւ այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ:

Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը` չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: 

Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, հայտնել են. «Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող իրավատնտեսական համալսարանի բակում 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուսհաստատության երկու անչափահաս սաների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Քննության շրջանակներում պարզվել են նշված անչափահասներից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք հասցնելու բոլոր հանգամանքները։

Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացվել են նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է, եւ քրեական վարույթը կարճվել է»։

Իսկ թե ինչու է տուժողը հրաժարվել բողոքից, ճնշման ազդեցությամբ արդյոք, թե իրապես «բարիշել են», դեռ պետք է պարզել»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որ իրենց նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։

«Կին առաջնորդների միջազգային ակումբը բոլոր 3 խմբակցությունների 22 կին պատգամավորների համար ապահովում է բաց հարթակ՝ խորհրդարանական խմբերի եւ հանձնաժողովների ճնշումներից հեռու։ Այստեղ կին պատգամավորները կարող են փորձի փոխանակում իրականացնել, կատարելագործել իրենց հմտությունները եւ զարգացնել համագործակցությունը կուսակցությունների միջեւ»,- նշված է տեքստում։ Փաստորեն, ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր կանանց միմյանց հետ ազատ շփվելուն, համագործակցելուն խանգարում են իրենց քաղաքական ուժերը եւ ԱԺ հանձնաժողովները:

Ասենք՝ «Հայաստան» խմբակցությունում Արմինե Կյուրեղյանին, Ասպրամ Կրպեյանին, «Պատիվ ունեմ»-ում Թագուհի Թովմասյանին թույլ չեն տալիս ԱԺ պատերի ներսում եւ, առհասարակ, շփվել իշխանական տիկնանց հետ, եւ այդ երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը»: