Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ դպրոցներում, կրթական հաստատություններում կարանտին չի հայտարարվում

Blog Image

Վերջին օրերին Հայաստանում վիրուսային իրավիճակը զգալիորեն սրվել է։ Հիվանդանում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, իսկ կրթական հաստատություններում իրավիճակը հատկապես լարված է։

Շատ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաներին ծնողները չեն բերում՝ կա՛մ նրանք արդեն հիվանդ են, կա՛մ էլ ծնողները խուսափում են բերել, որովհետև խմբերում, դասարններում հիվանդների քանակը շատ է, և վարակվելու վտանգը բարձր է։ Դպրոցներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ բազմաթիվ դասարաններում բացակայողների թիվը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշների։ Որոշ դասարաններում աշակերտների գրեթե կեսից ավելին բացակայում է առողջական խնդիրների պատճառով։

MediaHub-ին դիմած ծնողները պատմում են, որ մտահոգությունը օրեցօր մեծանում է, նրանք նշում են, որ ավելի լավ է կարանտին հայտարարվի, որ բոլորը լավանան, այլ ոչ թե անվերջ մեկը մյուսին վարակի։

Ծնողների այս մտահոգություններին արձագանքելով՝ MediaHub-ը դիմել էր թե՛ ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք քննարկվում է դպրոցներում կարանտին հայտարարելու հարցը, թե՛ Առողջապահության նախարարությանը, սակայն, ԿԳՄՍՆ-ից նշեցին, որ այս պահին նման հարց բարձրացված չէ, ԱՆ-ից էլ նշել էին․ «Այս պահին համաճարակային վիճակն այնպիսին չէ, որ գնանք դպրոցների փակման։ Մենք ունենք սեզոնին բնորոշ ակտիվություն։ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը ամեն օր անցկացնում է մոնիթորինգ»։

Սակայն, MediaHub-ը շարունակաբար բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ իրավիճակը չի կարգավորվում, դպրոցներում, մանկապարտեզներում երեխաները մեկը մյուսին են վարակում։

Արդյո՞ք կարանտին հայտարարելն այս պահի դրությամբ ճիշտ որոշում կլիներ․ MediaHub-ը այս և այլ հարցերի մասով զրուցեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի հետ:

«Ես ունեմ տեղեկատվություն ավելի բարդ իրավիճակի մասին, հիվանդանոցներում՝ հատկապես մանկական բաժանմունքներում, երեխաների համար ազատ մահճակալների խնդիր կա, մեծ խնդիր է երեխաների հոսպիտալացումը, բավականին բարձր է հիվանդացությունը ՀՀ-ում, դրանից ելնելով, իմ կարծիքով, Առողջապահության նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկեր, որ փակ տարածքներում վիրուսի տարածումը կանխվեր և կատարվեր ուսումնասիրություն հիվանդացության տոկոսը վերլուծելու համար, օրինակ՝ քանի թոքաբորբով հիվանդացած կա, ի՞նչ վիրուսներ են տարածված և այլն, նման վերլուծության չեմ հանդիպել»,- նշեց Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ նախարարը պետք է մտածի երեխաների առողջության մասին, որը այս պահին լուրջ խնդիր է։

«Պետք է վերլուծել կարանտին հայտարարելուց առաջ, որքա՞ն են ռեալ բացակաները դպրոցներում, մանկապարտեզներում, կրթական հաստատություններում, և եթե բացակաների թիվն ավելին է քան նորման, ապա այո, պետք է կարանտին հայտարարել, և կանխարգելել վիրուսի տարածումը։ Սակայն, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ կրթական հաստատություններում քիչ են դնում բացակաները, բացակաների թիվը ռեալ չի, իրականում ավելի շատ են, դպրոցներում չեն դնում, քանի որ ներքին պայմանավորվածություն կա, ստատիստիկան չփչացնելու համար»,- հավելեց Պողոսյանը։

Մարիաննա Արամյան

Send