Չինաստանի նախագահ Սի Ծինպինն առաջարկել է ստեղծել արհեստական ինտելեկտի վերահսկման և կառավարման գլոբալ կազմակերպություն:
Նման հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին նա հայտարարել է Հարավային Կորեայի Գյոնջու քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին։
Սիի խոսքով՝ արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպությունը կարող է կանոններ սահմանել դրա կառավարման համար և խրախուսել համագործակցությունը՝ AI-ն դարձնելով «հանրային բարիք միջազգային հանրության համար»:
«Արհեստական ինտելեկտը մեծ նշանակություն ունի ապագա զարգացման համար և պետք է ստեղծվի ի շահ բոլոր երկրների և տարածաշրջանների մարդկանց», - նշել է Չինաստանի ղեկավարը։
Չինաստանի իշխանություններն այս տարի արդեն հանդես են եկել նմանատիպ նախաձեռնությամբ, սակայն Միացյալ Նահանգները մերժել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում արհեստական ինտելեկտը կարգավորելու գաղափարը, գրել են ԶԼՄ-ները։
