SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի Վանքի տափ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, մուտքի դուռը բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արմինե Մ․-ի բնակարան, խառնել տան իրերը, ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա թևնոց, 2 զույգ ոսկյա ականջօղ, ոսկյա մատանի՝ պատճառելով մի քանի միլյոն դրամի վնաս։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Մ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գորիսի մասնաճյուղում՝ որպես գլխավոր ճարտարագետ։