Տպավորություն է՝ Սյունիքը առանձին պետություն է․ Փաշինյանի հարցազրույցն ու Ալիևի uպառնալիքներն աhաբեկում են սյունեցիներին

«Այս պայմաններում, երբ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով տարածում է ապատեղեկատվություն՝ մեղադրելով հայկական կողմին հրադադարի խախտման մեջ, մեր երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը հարևան Վրաստանում ֆուտբոլի են գնացել, տոնելու հերթական «հպարտանալու» պարտությունը։ Իսկ Սյունիքի ժողովուրդը, խոսքը գիտակից հասարակության մասին է, գտնվում եմ հուսահատության մեջ։ Թբիլիսի գնալու փոխարեն թող գան Սյունիք, խոսեն մարդկանց հետ, ասեն` վերջը ի՞նչ ա լինելու մեզ հետ, եթե միջանցքը տան, ապա որտեղո՞վ է անցնելու, անվտանգության ինչպիսի՞ մեխանիզմներ են գործելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Գորիսի բնակիչ Վահան Բակունցը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը և հատկապես պաշտպանության նախարարը պետք է մշտապես տեղում լինեն, արձագանքեն Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հրադադարի հետ կապված կեղծ հայտարարություններին, որը, ըստ մեր զրուցակցի, խախտում է հենց ադրբեջանական կողմը։
«Փաշինյանի ամեն հարցազրույց ավելի է ահաբեկում սյունեցիներին։ Մարդիկ կարծում են, որ այսպես շարունակվելու դեպքում՝ Ղարաբաղի ժողովրդի ճակատագրին կարժանանան։ Մենք գիտենք, որ ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանն է լարված, այլ ամբողջ տարածաշրջանում պայթյունավտանգ է իրավիճակը։ Եթե մենք իսկապես գնում ենք խաղաղության, իսկ դրա հիմնական կետերից մեկը Մեղրիով անցնող միջանցքն է, ապա թող գնան Մեղրի, մարդկանց հետ բանակցեն, խոսեն, մտքեր փոխանակեն։ Թող գան Գորիս, Կապան, ասեն թե ի՞նչ է տալու այդ ճանապարհը մեզ և վերջապես արդյո՞ք անվտանգ ենք ապրելու»,- ասում է Բակունցը։
Հավելում, որ խաղաղություն ամենաշատն իրենք են ուզում։ Սակայն, ինքը և իր հայրենակիցները դրան կհավատային, եթե Ադրբեջանի նախագահը չխոսի սպառնալիքի լեզով։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ձգտում է հասնել իր համար առավել բարենպաստ իրավիճակի: Այսինքն, իր հայտարարություններից արդեն ակնյայտ է, որ ոչ թե միջանցք է ուզում, այլ՝ տարածք, որը կիրագործի Մեծ Թուրանի ծրագիրը։ Տպավորություն է, որ Սյունիքը Հայաստանի մեջ առանձին պետություն է, տեր չունենք»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան