Կապանում ավագանու անդամը բժշկի է ծեծել

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից MediaHub-ը տեղեկացավ, որ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն։
Մասնավորապես, փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը 2 տղամարդ հարվածներ են հասցրել «Կապան» ԲԿ-ի հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
MediaHub-ի տեղեկություններով, երիտասարդներից մեկը Կապանի ավագանու անդամ Արտյոմ Հարությունյանն է։ Վերջինս Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի թիմակիցն է՝ «Շանթ» դաշինքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վիճաբանությունը տեղի է ունեցել հիվանդանոցի բակում։
Ոստիկանությունն այս պահին հավելյալ տեղեկություն չի հայտնում միջադեպից, իսկ քաղաքապետ Գևորգ Փարսյանն անպատասխան թողեց մեր զանգերը։
Լիաննա Թորոսյան