Ալեն Սիմոնյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս օրերին՝ հունիսի 3-6-ը բավականին լայն կազմով պաշտոնական այցի անվան տակ գտնվում է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։
Այցի մասին ԱԺ լրատվական վարչությունը հաղորդագրություն էր տարածել է, որում հերթապահ հայտարարություններ են երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցության, դրանց ընդլայնման հեռանկարների մասին և այլն։ Բայց ԱԺ լրատվականը հաղորդագրություն չի տարածել Ալեն Սիմոնյանի՝ Լյուբլյանա կատարած այցի «շրջանակներում» Հայաստան-Սլովենիա ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու և Հայաստանի հավաքականի պարտության ֆոնին ՀՀ պետական և ինքնիշխան դրոշով նկարվելու մասին։ Հավանաբար, դա Ալեն Սիմոնյանի գործուղման հետ կապ չի ունեցել, դրա համար ոչինչ չեն գրել։ Միայն ինքը՝ Սիմոնյանն է մարզադաշտից լուսանկար հրապարակել։ Ու եթե կապ չի ունեցել ֆուտբոլային հանդիպումն ԱԺ նախագահի՝ Սլովենիա կատարած այցի հետ, ապա ինչո՞ւ է ԱԺ նախագահը իր կատարած «այցի շրջանակներում» գնացել ֆուտբոլ դիտելու։
Կարո՞ղ է իր պաշտոնական այցի օրերն այնպես է դասավորել, որ համընկնի այդ ֆուտբոլային հանդիպման հետ, որ գործուղման հաշվին, բայց տոմսի փողը, հավանաբար, իր գրպանից վճարելով՝ ձեռքի հետ էլ գնա ֆուտբոլ դիտելու։ Չէ՞ որ այլ պարագայում ԱԺ նախագահը հազիվ թե Հայաստան-Սլովենիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար մի երկու օրով արձակուրդ վերցներ, իր գրպանից էլ օդանավի տոմսի և գիշերակացի վրա այդքան փող ծախսեր, որ մեկներ Սլովենիա՝ ֆուտբոլ դիտելու։
Իրականում՝ կարող է։ Ավելին՝ շատ հնարավոր է, որ Ազգային ժողովի «մեծարգո նախագահը» հենց այդպես էլ հաշվարկել է, որ իր պաշտոնական այցն ընդունող կողմի հետ հենց այս օրերին է համաձայնեցրել։
Սիմոնյանն իր յուրատեսակ «ֆուտբոլային դիվանագիտությամբ» դեռ վաղուց է աչքի ընկել։
Նախորդիվ նույնպես Սիմոնյանն իր գործուղումների շրջանակներում կամ հաշվին հաջողացրել է ֆուտբոլային կարևոր հանդիպումների ներկա գտնվել իր պատվիրակության կազմով։ Հիշենք, օրինակ, թե ինչպես է 2022 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը պաշտոնական այցով Կատարի մայրաքաղաք Դոհա մեկնած ԱԺ նախագահը համ էլ այդ օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հանդիսատես եղել։ Այդ թեման շատ քննարկվեց մամուլում, և նրա՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեկնաբանել էր, թե Ալեն Սիմոնյանը Կատարի խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել՝ մասնակցելու Աշխարհի առաջնության խաղերին։
«Կատարում սպասվում են նաև քաղաքական հանդիպումներ: Ֆուտբոլի խաղերին մասնակցելը լավ առիթ է երկու երկրների խորհրդարանների հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»,- մեկնաբանել էր Սիմոնյանի խոսնակը։
Այս անգամ, սակայն, Ալեն Սիմոնյանի նոր խոսնակ Նելլի Ղուլյանը երեկ ամբողջ օրը այդպես էլ մեզ չկարողացավ մեկնաբանություն տալ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստան-Սլովենիա ընկերական խաղին մարզադաշտից հետևելու ծրագրերի վերաբերյալ․ շատ զբաղված էր, ժամանակ չուներ, կապ չկար, խառն էին, հանդիպումներ ունեին և այլն։ Փոխարենը Սիմոնյանն ինքը ժամանակ ու կապ գտավ և հենց մարզադաշտից իր ինստագրամյան էջում նկար հրապարակեց մեր հավաքականի հանդիպումից։
Հանդիպումը, ցավոք, ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ (Սլովենիան հաղթեց մեզ 2:1 հաշվով), քանզի դժվար է պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունների օրոք, նրանց մասնակցությամբ կամ նրանց ներկայությամբ Հայաստանը՝ հավաքական իմաստով, ոչ անհատապես, կարող է որևէ խաղում կամ պայքարում հաղթել։ Նույնիսկ ամոթ կլիներ Նիկոլ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանի ներկայությամբ հաղթանակ գրանցել մրցակցի նկատմամբ։
Առհասարակ, Ալեն Սիմոնյանը սիրում է բյուջեի հաշվին գործուղումները համադրել անձնական հաճույքների հետ՝ դրանք հարմարեցնելով իր պաշտոնական այցերին, և Սլովենիայում այս ֆուտբոլային խաղին ներկա գտնվելն էր հենց այդ նախասիրությունների մեջ է մտնում։ Եվ հաշվի առնելով, որ մի քանի օրից մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և առաջիկա մեկ ամիսը աշխարհն ապրելու և շնչելու է ֆուտբոլով, չի բացառվում, որ Սիմոնյանը իր «պաշտոնական, աշխատանքային» այցերի համար արդեն իսկ ծրագրած լինի այնպիսի երկրներ, որտեղ ֆուտբոլային հրավառություն է սպասվում: Իհարկե, ՀՀ հավաքականը չի մասնակցելու, բայց դե հո այլ ավելի հետաքրքիր խաղեր լինելո՞ւ են: Սպասենք Սիմոնյանից նոր լուսանկարներ:
Վահե Մակարյան