Ուշագրավ բացահայտումներ` ֆինանսների նախարարի մասին

Ուշագրավ բացահայտումներ` ֆինանսների նախարարի մասին

ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես առաջ Վահե Հովհաննիսյանը վերցրել է 1.000.000 ԱՄՆ դոլար փոխառություն և ստացել 50 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն և գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը: 

Այս մասին այսօր Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսում հայտարարեց Պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը` ուշագրավ բացահայտումներ ներկայացնելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասին:

Զոհրաբյանի խոսքով` 2021թ. հայտարարագրով «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ի բաժնեմասը Գևորգ Միրզոյանին, որը հանդիսանում է Վահե Հովհաննիսյանի մորեղբորորդին, հավատարմագրային կառավարման է հանձնվել 15.08.2021թ., մինչդեռ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը կնքվել է դրանից 3 օր հետո՝ 18.08.2021թ.:

«2022 թվականի հունվարի 10-ին «Կարիստաս Իտալիանա» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊԸ: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1 մլն 50 հազար դոլարի չափով մնացել է: 2023 թ. հայտարարագրում այդ բաժնետոմսերն արդեն չկան, անհետացել են: Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որը, ըստ երևույթին, Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է:  

Ընկերության անվանումը փոխելուց հետո ՀՀ կառավարության 09.11.2023թ. N 1942-Ա որոշմամբ «ՋԻ-ԿՈԴԵՐ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր 1․5 մլրդ դրամ արժողությամբ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընդհանուր առմամբ, ազատվել է 98 մլն դրամի մաքսատուրքի վճարից»,- նշեց Զոհրաբյանը:

Ավելին, ըստ բանախոսի, այնուհետև Կառավարության 23.02.2024թ. թիվ 241-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել, որով փոփոխվել են սարքավորումների անվանումները, տեխնիկական բնութագրերը և արժեքները, ինչպես նաև ավելացվել է 315 մլն դրամի ապրանքատեսակների լրացուցիչ խմբաքանակ՝ ընդհանուր արժեքը հասցնելով 1․8 մլրդ դրամի, որի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 118 մլն դրամ։

Զոհրաբյանը նաև նկատեց, որ համաձայն Կառավարության 2015թ. թիվ 1118-Ն որոշման՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը այն 3 պետական մարմինների մեջ է, որոնք պետք է դրական դիրքորոշում տան արտոնության հայտի վերաբերյալ: Նույն այդ երեք մարմինները նաև ուսումնասիրում են Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները, իրավունք ունեն ներկայացնելու դիրքորոշում՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում դադարեցնել արտոնության տրամադրումը: 

«Այլ կերպ ասած` նախարարությունը վերահսկողական գործառույթներ ունի ծրագրի իրականացման նկատմամբ: Այսպիսով նախարարին պատկանող ընկերությունը վերակազմակերպվել է, փոխել է անվանումը և սեփականատիրոջը, սեփականատեր է դարձել նախարարի մորեղբայրը և շատ կարճ ժամանակ անց ընկերությունը Կառավարության որոշմամբ ստացել է 118 մլն դրամի արտոնություն՝ ազատվելով այդքան չափով մաքսատուրքից:

Ավելին, նույն այդ ընկերությունը նույնիսկ վերակազմակերպվելուց հետո ֆինանսների նախարարին փոխառության տեսքով պարտք է 52.614.000 դրամ: Ստացվում է, որ ՖՆ-ը դրական կարծիք է տալիս նախկինում ֆինանսների նախարարին պատկանող, այնուհետև նրա մորեղբորը փոխանցված ընկերության ներդրումային հայտին, որի արդյունքում այդ պահին ֆինանսների նախարարին 52 միլիոն պարտք ունեցող ընկերությունը ազատվում է մաքսատուրքերից»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանները վերջում հայտարարեցին, որ այս փաստերի առնչությամբ իրենք պատրաստվում են հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ սրանք իրենց մեջ առերևույթ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում:

Վահե Մակարյան