Արտառոց դեպք. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա (լուսանկար)

Արտառոց դեպք. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա (լուսանկար)

Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Գրել է «Շամշյանը»։
 
Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:


 
Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: