Ադրբեջանի քայլերը լավ բան չեն հուշում

Ադրբեջանի քայլերը լավ բան չեն հուշում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր մարտի 17-ին, ժամը 12:55-ի սահմաններում հայկական զինուժը կրակ է բացել  Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  

«Հայկական կողմից երկրորդ օրն անընդմեջ շարունակվում է ադրբեջանական դիրքերի գնդակոծությունը: Այսօր գնդակոծվել են Ադրբեջանի բանակի դիրքերը՝ Յուխարի Զագալա և Դիգ գյուղերի ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

MediaHub-ը կապ հաստատեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների հետ՝ ճշտելու կատարվածը։ 

Ճամբարակ համայնքի Վահան գյուղի բնակիչը, որն ամենամոտն է ադրբեջանական բնակավայրերից, մեզ ասաց, որ դա իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է. 

«Սովորական տրամադրություններ են գյուղում։ Ախպերս էլ զինծառայող ա, եթե նման բան լիներ՝ գոնե ինքը տեղյակ կլիներ։ Ընդհանրապես մեր կողմերում հրադադարի ռեժիմը հայկական ու ադրբեջանական կողմերը չեն խախտում»,-նշեց մեր զրուցակիցը։ Նույնը հաստատեց նաև Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։ 

Մեր զրուցակիցն իր մտահոգությունը հայտնեց այն մասով, որ Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունները լավ բան չեն հուշում։ 

«Ամեն ինչ վկայում է՝ Ադրբեջանը գնալու է սադրանքի։ Ի՞նչ է, պիտի նորից զոհեր ունենանք, որ խելքի գա՞նք։ Կարծում եմ՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների արձագանքները պետք է ավելի հասցեական լինեն։ Հատկապես մենք, որ ապրում ենք սահմանին, պիտի լինենք զգոն։ Չեմ փորձում վատատես լինել, բայց Ադրբեջանի նմանօրինակ քայլերը լավ բան չեն հուշում»,-եզրափակեց վահանցի տղամարդը։

Հունան Թադևոսյան