1988-ի փետրվարի 22-ին ադրբեջանցիները հարձակվեցին Ասկերանի վրա. դրվեց առաջին պատերազմի սկիզբը

1988-ի փետրվարի 22-ին ադրբեջանցիները հարձակվեցին Ասկերանի վրա. դրվեց առաջին պատերազմի սկիզբը

Հայ-ադրբեջանական պատերազմը սկիզբ է առել 1988-ի փետրվարի 22-ին, երբ Աղդամից բազմահազարանոց արդեն իսկ նախապես պատրաստված հրոսակախումբը հարձակվեց Ասկերան քաղաքի վրա։ Ասկերանցիները պատմում են, որ Ստեփանակերտում փետրվարի 20-ին կայացած մեծ հանրահավաքից հետո զինված ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ բնակիչների վրա, այդպիսով սկիզբ դրել արցախյան առաջին պատերազմին։

«Այդ հարձակման հետևանքով ադրբեջանցիներն ունեցել են երկու զոհ ու տասնյակ վիրավորներ։ Հայերի կողմից ևս վիրավորներ եղան՝ ծանր և թեթև մարմնական վնասվածքներով։ 37 տարի է անցել այդ դեպքերից։ Դրանից հետո շատ պատերազմներ ու տեղային մարտեր ենք տեսել։ Սակայն, այսօր գալիս եմ նույն համոզմանը, որ անհնար է ապրել կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, առավել ևս խաղաղ ապրել»,- MediaHub-ին պատմում է ասկերանցի Աշոտ Մելքումյանը։ 

Մինչ փետրվարյան իրադարձություններն Աղդամի և հարևանությամբ մյուս կամ սահմանակից հայ-ադրբեջանական բնակավայրերում այսօրինակ լուրջ ընդհարումներ չեն եղել։ Մեր զրուցակցի խոսքով՝ նրանք սահմանափակվել են միայն անասնագողությամբ ու ձիագողությամբ։ 

«Ամեն ինչ սկսվեց մեծ հանրահավաքներից հետո, որը միանշանակ թելադրել է Բաքուն։ Այս ամենը տեսնելով, ու դրանից հետո անցնելով պատերազմների միջով, վերջում Արցախից գաղթելով՝ համոզված եմ, որ ադրբեջանցիների հետ հաշտություն չի լինելու, որքան էլ փորձեն համոզել, որ դա հնարավոր է։ Այդ երկրում 3 տասնամյակից ավելի հայերի դեմ միայն ատելություն են ներարկում, ուստի, գոնե ներկա փուլում դա անհնար է։ Սերունդներ պետք է փոխվեն, տասնամյակներ հետո, գուցե...»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան