Արցախում խաղաղապահները սրբազան առաքելություն են իրականացնում. Արցախի թեմի առաջնորդ

Արցախում խաղաղապահները սրբազան առաքելություն են իրականացնում. Արցախի թեմի առաջնորդ

Արցախում խաղաղապահները սրբազան առաքելություն են իրականացնում։ Ռուսներին ասել՝ Արցախից թողեք՝ դուրս եկեք, հանցագործություն է ուղղակի․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սա էր Սրբազանի արձագանքը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանին ճնշում են՝ Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում եւ պարտադրում անդամակցել Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին, ըստ էության ակնարկելով, որ Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի ձեռքի գործն է։

«Նման ձեւով չի կարելի մոտենալ հարցին։ Պետք է գիտակցել՝ խաղաղապահներն են, որ այսօր կարողանում են պահել Արցախի խաղաղությունը։ Թե ի՞նչ է կատարվում ճանապարհին, թո՛ղ իշխանավորները այդ մասին մտածեն։ Իրապես մեր ժողովրդի կյանքը վտանգված է։ Եթե այսօր ասենք, որ խաղաղապահներն էլ են մեզ խանգարում, թո՛ղ դուրս գան, կնշանակի՝ հայությանը հայաթափել Արցախից, ձեւաչափը դրան է տանում։ Մենք չպետք է այդ քայլին գնանք։ Մեզ պետք է ներդաշնակություն գտնել ռուս խաղաղապահների հետ»,-ասաց նա։

Արցախի թեմի առաջնորդը Դադիվանքի օրինակն է բերում, ասում է՝ եթե խաղաղապահները Դադիվանքում չլինեն, հայ հոգեւորականները չեն կարող այնտեղ ծառայություն մատուցել։ Այլ կարծիք ունեցողներին է դիմում՝ պատկերացրե՛ք, թե ինչպես պատարագներ կմատուցվեն, եթե խաղաղապահները այնտեղ չլինեն․

«Մեր անվտանգության երաշխավորը իրենք են»։

Ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախում, ասում է Սրբազանը, իրավիճակը լուրջ է, ու ավելի մեծ դժվարությունների է տանում։

«Եթե իմանայինք, որ պատերազմ է տեղի ունենում, ժողովուրդը գոնե կհասկանար՝ ինչպես պայքարել։ Անհասկանալի գործընթացներ են՝ հոգեբանական ու ինֆորմացիոն դաշտում։ Մարդիկ սպասում են, թե ինչ լուր կգա դրսից։ Արցախցիները քաջ գիտակցում են, որ գործ ունեն թշնամու հետ, որն իր ծավալապաշտապան ծրագրերից չի հրաժարվում ու օր օրի օղակը ավելի է սեղմում»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը։

Սրբազանը շեշտում է՝ ժողովուրդը քաջ գիտակցում է, որ հարցը վերաբերում է անվտանգությանը եւ այսպիսի իրավիճակներում միայն համախմբումն ու միասնությունը կարող են փրկել, ու այլընտրանքային, կողքից առաջարկվող ձեւաչափերն անընդունելի են։

Արյդո՞ք «Արցախի հարցը սերունդներին թողնելու» դիվանագիտության հետեւանքը չէ, որ հիմա արտացոլվել է շուրջ 20 օր շրջափակման մեջ հայտնված Արցախում։ Ի պատասխան հարցին, Սրբազանն ընդգծում է՝ ամեն բան պլանավորված է եղել դեռեւս պատերազմից առաջ։

«2020 եւ 2022 թվականների պատերազմներն ու հետեւանքները ցույց տվեցին, որ ծրագրավորված ու պլանավորված գործողություններ են տեղի ունենում մեր ժողովրդի դեմ։ Արցախի հայաթափումը եւ Արցախի հետ կապված բոլոր մարտահրավերները նախօրոք պլանավորված էր եւ մենք դրա մասին տեղյակ չենք եղել։ Ցավալին այն է, որ չհասկացանք, չգիտակցեցինք, որ սա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ արցախահայության եւ ընդհանրապես Հայաստան աշխարհի համար։ Անվտանգության բացակայություն, սահմանների կրճատում, հազարավոր մարդկային կորուստներ․ այս ամենը նախօրոք պլանավորված էր։ Մենք մեր սխալն ունենք, մեր անփույթ վերաբերմունքն է՝ երկրի, ժողովրդի նկատմամբ։ Օր օրի սայթաքում ենք, գնում՝ դեպի անդունդը։ Հայությունը ասելիք ունի ու պիտի ասի իր խոսքը»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ հավելելով, որ արտահայտում է ոչ թե հոգեւորականի, այլ 120 հազար մարդու կարծիքը։

«Որպես հոգեւորական, իմ խոսքում միշտ լավատեսություն եմ քարոզում, բայց, հարցն այն է, որ մեզ էլ պիտի ամրացնեն հույսով, որն էլ պիտի դառնա մարմին։ Մենք այս ենք մեր ժողովրդին քարոզում, որ սիրով ու հավատքով կարողանան ապրել ու ճանապարհներ գտնել»,-նշեց նա: Հավելեց՝ ժողովուրդը պիտի գիտակցի՝ անտարբերությունը ծնում է վատ հետեւանքներ։

 

Լիա Սարգսյան