Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են Լարսում հերթերի մասին

Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են Լարսում հերթերի մասին

Վերին Լարսի անցակետ հասնելու համար հայկական բեռնատարները լուրջ խնդիրների առաջ են կանգնել, օրեր շարունակ հերթերի մեջ են նաև շուտ փչացող ապրանքները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մատնանշում է, թե իշխանությունը լուծման ինչ տարբերակներ է քննարկում, ինչ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ. քննարկվող տարբերակներից է ԵԱՏՄ բեռնատարներն առանձին հերթով անցկացնելը:   

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարորդ Մարտին Դավթյանը, ով Ռուսաստան է փոխադրում կաթնամթերք, ասաց, որ Բագրատաշենի անցակետից դուրս է եկել դեռ մայիսի 3-ին, միայն մոտ 14 օր կանգնել է Թբիլիսին շրջանցող ճանապարհին, ճանապարհային ոստիկանությունն այդ ժամանակ չի թողել, որ ոչ մի բեռնատար անցնի: Վարորդը նշեց ՝ երկու անգամ ճանապարհային ոստիկաններին մոտեցել է, ասել, որ կաթնամթերք է տանում, որը պահպանման ժամկետ ունի:

Լարսի անցակետ  հասնելու համար նման հերթ վարորդը դեռ չի հիշում: «Մենք տանջվում ենք այստեղ: Վառելիք էլ չունենք: Մեքենայի սառնարանն աշխատում է, օրը ամենաքիչը 20 լիտր սալյարկա վառվում է: Վառելիք էլ չունենք արդեն: Ուտելիքն էլ դեսից դենից թանկ գներով վաճառում են տեղացիները, գնում, ուտում ենք»,-ասաց Մարտին Դավթյանը:

Բեռնափոխադրող կազմակերպություններից մեկի աշխատակից Հովհաննես Բոյադյանն էլ ասաց՝ բեռնատարներ ունի, որոնք  մայիսի 1-ից դուրս են եկել Հայաստանից, դեռ հերթի մեջ են:  Ընդ որում, բեռնատարները տեղափոխում են փչացող ապրանքներ՝ ելակ, պղպեղ: «Ինձ թվում է՝ արդեն իսկ փչացել են»,-ասաց նա ու հարց բարձրացրեց՝ երբ ծիրանի արտահանման սեզոնը սկսվի, ինչպե՞ս է լինելու:

Ըստ բեռնափոխադրող կազմակերպության աշխատակցի՝ պլանավորել էին, որ այլ բեռնատարներ ևս պետք է Հայաստանից ճանապարհ դուրս գային, բայց դուրս չեն գալիս հերթերի պատճառով: «Վարկեր էլ ունենք, չենք կարողանում փակել: Մեքենաներ ենք վերցրել, որ չեն քշում, կանգնած են, ինչպե՞ս փակենք»,-ասաց նա:

Ըստ նրա՝ տարբեր կազմակերպություններ, որոնց բեռները բարձում են, դիմել են տարբեր կառույցների, բայց դեռ անարդյունք: Աշխատակցի խոսքով՝ ինչ-որ տեղերում նաև հերթերի խախտումներ են նկատվում:

Լարսի անցակետ հասնելու համար արդեն մոտ 20 օր ճանապարհներին հերթերում է նաև վարորդ Սահակ Պետրոսյանը: Նրա բեռնատարում պղպեղ է բարձած: Նա ևս նշեց, որ մոտ 14 օր Թբիլիսին շրջանցող ճանապարհին են կանգնած եղել, այն անցնելուց հետո փոքր շարժ կա: « Մեր դիմաց հերթ է՝ մինչև վերջ: Չգիտեմ էլ, բեռն ինչ եղած կլինի: Պղպեղ է, այդքան կարո՞ղ է դիմանալ»,-ասաց վարորդը:

Նրա խոսքով՝ իր շուրջը հայկական շատ բեռնատարներ են՝ փչացող տարբեր ապրանքներով բարձված, իրենց դեռևս ոչ ոք չի մոտեցել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ է խնդրին, վստահեցնում է՝ ամեն ինչ անում են, որ այն օր առաջ լուծվի:

Թե ինչու է այս իրավիճակը ստեղծվել, նախարարը բացատրում է. «Ստեղծված նոր իրավիճակի պատճառով բազմաթիվ բեռնափոխադրումներ փոխել են իրենց տարանցման ուղին և անցնում են Լարսով: Դրա պատճառով Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը կտրուկ աճել է»:

Քերոբյանը վստահ է՝ խնդիրը պահանջում է ֆունդամենտալ լուծում, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում ամեն տարի մի քանի անգամ Վերին Լարսի մոտ հերթերի հարցը սրվում է: «Լուծման առաջին մասին մենք արդեն ձեռնամուխ եղել ենք: Եվ հունիսից արդեն կսկսվի կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը, որը էապես  կազատի մեր բեռներին այս երկար հերթերից»,-ասաց նախարարը:

Քերոբյանը հայտնեց, որ 2 շաբաթ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրվում է հարավային բոլոր անցակետերի թողունակությունն ավելացնել: «Մենք հիմա մեր ռուս գործընկերների հետ անընդհատ կապի, աշխատանքի մեջ ենք, որպեսզի թողունակությունն իսկապես ռեալ կյանքում ավելացնենք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ այդ հարցի լուծումը կտրվի մոտակա 1-2 շաբաթվա ընթացքում, և Լարսի անցակետում օրական կտրվածքով ավելի շատ մեքենաներ բաց կթողնվեն: «Հայկական և իրանական բեռնատարները, որ Հայաստանի միջոցով են տարանցվում, ըստ էության ԵԱՏՄ ապրանք են տեղափոխում, և մաքսազերծման որևիցե գործընթաց անելու կարիք չկա: Բայց այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այդ մեքենաները կանգնում են 20 օր, 25 օր: Խնդիրը նրանում է, որ նրանք պարտավոր են նույն հերթը կանգնել, ինչ օրինակ թուրքական մեքենաները, Եվրոպայից եկող մեքենաները, կենտրոնասիական մեքենաները, որոնք Վերին Լարսում պետք է մաքսազերծում անցնեն: Հիմա մեր կարծիքով և առաջարկով՝ այն մեքենաները, որոնք ԵԱՏՄ ապրանք են պարունակում, պետք է առանց հերթ կանգնելու, արագացված ընթացակարգով անցնեն: Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ մենք առանձին հերթով գնանք, որովհետև մեր բեռնատարների գործընթացը 1-2 րոպե տևող գործընթաց է, ոչ թե ժամեր տևող»,-ասաց Քերոբյանը:

Նա վստահեցրեց՝ Էկոնոմիկայի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամեն ինչ անում են, որ օր առաջ այդ հարցը լուծվի:

«Մեր աշխատանքը ուղղված է նրան, որ կարողանանք մեր մեքենաների համար առանձին միջանցք ստեղծել, ու այդ միջանցքով և արագ ձևակերպում անելով՝ կարողանանք ինչքան հնարավոր է շատ մեքենա ուղարկել ՌԴ, և շատ գան Հայաստան»-նշեց նախարարը:

Քերոբյանի վստահեցմամբ՝ նաև աշխատում են  արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ապրանք վաճառի բազմաթիվ երկրների:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշել էր, որ բեռնատարները, որոնց թվում են նաև հայկական բեռնատարներ, կանգնած են Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին, հերթերը հետզհետե նվազում են: Այն մեքենաները, որոնք կանգնած են Լարսի հարակից տարածքում, և հայտնի է, թե ինչ բեռ են տեղափոխում, նրանց հետ կապված իրենք դիմել են մաքսայինի ղեկավարությանը, որպեսզի աջակցեն, որ հնարավորինս արագ ձևակերպվեն: