ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դարիա Դուգինայի սպանությունը

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դարիա Դուգինայի սպանությունը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:

«Պարզվել է, որ հանցագործությունը պատրաստվել և կատարվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Կատարողը Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է, որը ծնվել է 1979 թվականին», - ասված է հաղորդագրության մեջ:

ԱԴԾ-ում ճշտել են, որ Վովկը 12-ամյա դստեր հետ Ռուսաստան է ժամանել հուլիսի 23-ին և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրել է Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար:

Աղջկան հետևելու համար հանցագործն օգտագործել է «Mini Cooper»։ Ռուսաստան մուտք գործելիս մեքենաներն ունեցել են ԴԺՀ-ի համարներ, Մոսկվայում՝ ղազախական, իսկ մեկնելիս՝ ուկրաինական։
Սպանության օրը Վովկը դստեր հետ գտնվել է «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնին, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան իրականացրել է Toyota Land Cruiser Prado-ի պայթեցումը, որի ղեկին եղել է լրագրողուհին:

Դրանից հետո Վովկը աղջկա հետ Պսկովի մարզով մեկնել է Էստոնիա։