Խարդախություն՝ բնակարանների վարձակալության շուկայում․ մի շարք քաղաքացիներ ոստիկանություն են դիմել

MediaHub.am-ը մի շարք քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ խարդախության նոր եղանակով իրենցից գումարներ են շորթել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է բնակարանների վարձակալության համար տրված կանխավճարներին, երբ շուկայականից զգալիորեն մատչելի գնով հայտարարությունների հարթակներում բնակարանների վարձակալության հայտարարություն են տեղադրում, ինչից հետո այն վարձել ցանկացող քաղաքացիներից, որպես կանխավճար, գումար են պահանջում և հայտնում, որ բնակարանը տվյալ պահին դեռևս ազատ չէ և հնարավոր չէ այն տեսնել, իսկ գումարը վերցնելուց հետո անհետանում են։
MediaHub.am-ը հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե 2022 թ. հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, բնակարանի վարձակալության համար տրված կանխավճարի գումարները սեփականատիրոջ կողմից խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ ահազանգեր եղե՞լ են։ Մեր հարցմանն ի պատասխան` ոստիկանությունից հայտնեցին, որ ՀՀ ոստիկանություն է դիմել 8 անձ, որից 6-ի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, իսկ 2 դիմումների կատարումը գտնվում է ընթացքի մեջ։
Նշենք, որ բնակարանների վարձակալության նման մեծ պահանջարկ առաջացել է Հայաստան մեծ թվով օտարերկրացիների մուտքով պայմանավորված, ինչը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։