«Մտել, սկսել է հայհոյել»․ խոսնակը՝ Ստեփանավանի համայնքապետի կողմից դանակահարության լուրի մասին

«Մտել, սկսել է հայհոյել»․ խոսնակը՝ Ստեփանավանի համայնքապետի կողմից դանակահարության լուրի մասին

Քիչ առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրառում կատարեց, որում նշված էր, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:

Դեպքի հանգամանքները պարզելու համար MediaHub-ը կապ հաստատեց համայնքապետարանի հանրային կապերի բաժին, որտեղից մեզ վստահեցրին, որ նման միջադեպ համայնքապետարանում չի գրանցվել։

Ավելին, մամուլի քարտուղար Արմինե Բալայանը ծիծաղով արձագանքեց, թե ինչպե՞ս կարող է համայնքապետարանում դանակահարության դեպք արձանագրվել։

​​​​​​

Մեր դիտարկմանը, որ Կոչուբաևն իր գրառման մեջ նշել է, թե տուժող կողմը դիմել է ոստիկանություն, Բալայանն արձագանքեց՝ միջադեպ է տեղի ունեցել, տղամարդը մտել է համայնքապետարանի շենք, սկսել է գոռալ, հայհոյել, ու նրան դուրս են հրավիրել շենքից՝ համայնքապետարանի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։

Ճշտող հարցին, թե ովքե՞ր են դուրս հրավիրել քաղաքացուն, արդյո՞ք համայնքապետը ևս եղել է դուրս հրավիրողների մեջ, պատասխան հնչեց, թե համայնքապետն ու այդ քաղաքացին անգամ չեն հանդիպել։

Իսկ թե ինչ պահանջով էր քաղաքացին փորձել դիմել համայնքապետին, մեր զրուցակիցը չգիտեր։

Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը նշել էր, որ քաղաքացին անաշխատունակության տեղեկանք ստանալու համար է գնացել համայնքապետարան։

Նարե Գնունի