Արտակարգ դեպք․ «Պռոշյան» սուպերմարկետի 20-ամյա գանձապահը մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Արտակարգ դեպք․ «Պռոշյան» սուպերմարկետի 20-ամյա գանձապահը մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «Թթու ջրի» մոտ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հարազատների կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Գևորգ Մկրտչյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց կրկին հիվանդանոցից զանգահարել են ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ բժշկական հետազոտության ընթացքում վերջինիս մոտ հայտնաբերվել է «շեքի շրջանի ծակած-կտրած վերք» մարմնական վնասվածք:

Ոստիկանները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներ շնորհիվ պարզում են, որ մարտի 23-ին ժամը 17։00-ի սահմաններում Գ. Մկրտչյանի աշխատավայր է մոտեցել Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Վահան Զուլալյանը, ում հետ ունեցել է խոսակցական բնույթի վիճաբանություն, որտեղ հետագա պարզաբանումների համար պայմանավորվել են, որ ժանը 23։00-ին հանդիպել Երևանյան խճուղի 90-1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ առաջացած վիճաբանության ժամանակ Վ. Զուլալյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գ. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին, ապա իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարված է հասցրել աճուկի շրջանին, պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վ. Զուլալյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գևորգ Մկրտչյանը աշխատում է «Պռոշյան» սուպերմարկետում՝ որպես գանձապահ։