«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննության շրջանակում ուսումնասիրում է ՀՀ Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից շուրջ 590 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի անհետացման գործընթացը։ ՀՀ Կենտրոնական բանկից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի այդ կառույցին, եթե այո, ապա ինչու չեն ընդունել գումարը:
Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է «Ձեր 27.05.2025թ. գրությանը ի պատասխան հայտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 98 եւ 134 հոդվածներով սահմանված են քրեական վարույթի շրջանակում իրեղեն ապացույցների պահպանման կարգն ու սուբյեկտները: Մասնավորապես՝ 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ 2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն»: Համաձայն նշված կարգավորման՝ ՀՀ կենտրոնական բանկը չի հանդիսանում իրեղեն ապացույց ճանաչված կամ առգրավված գույքն ի պահ ընդունող մարմին: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նշված կարգավորումն ամրագրվել է դեռեւս 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով՝ ի պահ ընդունող սուբյեկտների կազմից հանելով «պետական բանկի հիմնարկներ» ձեւակերպման ներքո ենթադրվող սուբյեկետներին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կողմից 18.04.2025թ. ներկայացվել է գրություն ՀՀ կենտրոնական բանկ՝ նշված իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու մասին: Նշված գրությանը ՀՀ կենտրոնական բանկը պատասխանել է 30.04.2025թ. գրությամբ՝ հայտնելով իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու անհնարինության մասին՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները»:
Այսինքն` Կենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել եւ պահել առգրավված գումարը, ինչը մնացել էր չհրկիզվող պահարանում, եւ ՔԿ աշխատակցի մասնակցությամբ այն գողացան, ապա գումարը գտնվեց»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետեւաբար, սա եւս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:
Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաեւ ինքն է, եւ իր դեմցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։
Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդըպատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արեւ արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Սյունիքի մարզով ցամաքային միջանցքի բացման թեման դարձել է տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այս նախագծի համար՝ դրանում տեսնելով Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ ուղղակի կապի, ինչպես նաև Թուրքիայի՝ Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ միավորվելու ռազմավարական հնարավորություն։ Բաքվի և Անկարայի համար այս միջանցքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործիք է, որը թույլ կտա ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Մի կողմից՝ հաղորդակցությունների վերաբացումը կարող է տնտեսական օգուտներ բերել, սակայն մյուս կողմից՝ այն լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։ Միջանցքի բացումն, առանց Հայաստանի կողմից իրական երաշխիքների և վերահսկողության, կարող է հանգեցնել Սյունիքի վերահսկողության կորստին, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ուժեղացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների առաջացմանը։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ընդգծում են՝ այս գործընթացում արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է հավասարակշռությունը պահպանելու և միակողմանի որոշումներ կայացնելը կանխելու համար։
Ինչպես նշում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու և միայն Արևմուտքի վրա հույս դնելու փորձերը չեն հանգեցրել Հայաստանի դիրքերի իրական ամրապնդմանը։ «Արևմտյան կառույցներն ու երկրները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց սեփական շահերը՝ լինի դա էներգետիկ նախագծեր, ռեսուրսների արդյունահանման ներդրումներ թե քաղաքական ազդեցության ընդլայնում։ Դժվար պահերին, երբ Հայաստանը բախվել է սպառնալիքի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն իրական անվտանգության երաշխիքներ չեն տրամադրել՝ սահմանափակվելով հռչակագրերով և մոնիտորինգային առաքելություններով»,- նշել է Լուգովոյը «Անգլուհին Կովկասում. հայացք Հայաստանից» վավերագրական ֆիլմում։ Ռուսաստանի դերը այս համատեքստում մնում է առանցքային։
Ռուսաստանի ռազմական բազայի առկայությունը, սահմանների համատեղ պահպանումը, բանակցություններում միջնորդության փորձը՝ այս ամենը գործնականում բազմիցս օգնել է Հայաստանին պահպանել պետականությունը և սանձել արտաքին սպառնալիքները։ Մոսկվայի հեռացումը հաղորդակցությունների վերաբացման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի շահերն անտեսվեն հօգուտ ավելի հզոր խաղացողների։ Կովկասում նոր «Մեծ խաղի» պայմաններում Հայաստանը ռիսկի է ենթարկվում դառնալ փոխանակման գործիք, եթե չհենվի անվտանգության փորձարկված մեխանիզմների և դաշնակցային հարաբերությունների վրա։