Մեքենան կանգնել է, «սալամ գարդաշ»-ը լսելով՝ Գագիկը հասկացել է, որ գյուղը՝ ընկել, իսկ ինքը գերի է

«Ես մարմիններն էի փնտրում, բայց սեպտեմբերի 24-ին տղաս եկավ, 1 օր անց՝ ամուսինս»…. թե ինչ ապրումներ է ունեցել սեպտեմբերյան մարտերի, դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների ժամանակ, Հարությունագոմեր գյուղի բնակչուհի Սրբուհի Վանյանը 5 ամիս անց ցավով է հիշում։
Նրա ամուսինը՝ Գագիկը, և որդի Մակբեթը դիրքերում էին, երբ սկսվեց պատերազմը։
«Նույն պահից մեկ րոպե անգամ հեռախոսը ձեռքիցս չեմ դրել, մեկ Գագիկին եմ զանգել, մեկ Մակբեթին, բայց կապ հաստատել նրանց հետ չի հաջողվել։ Ես իմ ընտանիքի վրա եմ զգացել պատերազմի ցավը։ 2020-ին մեր տան բոլոր տղամարդիկ մասնակցել են հայրենիքի պաշտպանության մարտերին։ Մյուս որդիս՝ Գոռը, ծանր վիրավորում էր ստացել, հաշմանդամություն ձեռք բերել, ուսահոդի հետ կապված խնդիրներ ունի, պիտի դեռ վիրահատվի։ Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմ էր, ես Աստծուն խնդրում էի, որ գոնե վիրավորվեն, կողքիս լինեն, վախենում էի մտածել մահերի մասին»,- MediaHub-ին պատմում է կինը։
Սեպտեմբերի 20-ին հարևան բնակավայրերի հետ դատարկվում է նաև Հարությունագոմեր համայնքը։ Սրբուհին Գոռի ու փոքր դստեր հետ տեղափոխվել է Իվանյանի օդանավակայան. «Ասում էին՝ դա միակ տեղն էր, որ ապահով էր խաղաղ բնակչության համար»։
Սրբուհին այնտեղ սկսել է ամուսնու և որդու որոնումները։ Վերհիշելիս մեր զրուցակցի մարմնով դող է անցնում։
«Ասացին, որ ամուսինս զոհվել է Հաթերքի դիրքերում, իսկ Մակբեթից այդ օրը՝ ոչ մի լուր։ Տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Բոլոր հավանական կառույցներին եմ դիմել, որ գոնե ամուսնուս դիակն իջեցնեն։ Հետո շշուկներ էին շրջանառվում Մաղավուզի ուղղությամբ գտնվող որդուս մահվան մասին, իսկ այդ օրերին բոլոր ճանապարհները փակ էին, բջջային կապը՝ ընդհատված։ Զգացողություններս արդեն հասնում էին խելագարության աստիճանի»,- ասում է նա։
Սրբուհի Վանյանը շեշտում է՝ այդ ապրումները որևէ մեկին չի ցանկանա։
Սեպտեմբերի 22-ի ուշ գիշերին ստացած հեռախոսազանգը, սակայն, հավատ ու հույս է առաջացրել նրա մոտ։ «Զանգին պատասխանեցի, ասացին՝ «տղերքի մոտ կապ չկա, Մակբեթն անհասանելի է, ողջ են, հավանաբար վաղը կգան»: Դուք չեք պատկերացնի, թե այդ պահին ինչ եմ զգացել։ Աղոթում ու գոհունակությունս էի հայտնում Աստծուն, որ գոնե 24-ամյա որդուս խնայել է։ Հետո աղջիկս sms հաղորդագրություն ստացավ։ Իրեն ծանոթ աղջիկներից մեկն ասել է, թե «պապայիդ Գետավան գյուղում տեսնող է եղել», ես ասացի՝ «եթե Գետավանում է եղել, ուրեմն հաստատ մեր գյուղ է գնացել», ամբողջ ինֆորմացիան տվել եմ օպերատիվ շտաբի ծառայողներին»,- պատմում է Սրբուհին։
Թեժ մարտերից հետո՝ 5-րդ օրը, վերջապես Մակբեթը տուն է եկել։ Մայրն ասում է՝ օրերով դիրքերում էր մնացել, հոգնած էր։ Մակբեթ Մկրտչյանն ու իր մարտական ընկերները պատերազմի ավարտից օրեր անց տեղափոխվել են Հաթերք, այնտեղից՝ ադրբեջանական բլոկ-պոստերում ստուգվելուց հետո եկել Ստեփանակերտ։
«Խնդրեցի, որ իրենք գնան Հայաստան, ես մնամ, մինչև Գագոյից հստակ լուր կիմանամ, որովհետև բոլորը գնում էին, Ստեփանակերտում օրեցօր վտանգավոր էր դառնում: Բայց երեխաները բացառեցին, ասացին «միասին կգնանք»»։
Սրբուհու կռիվը չէր ավարտվել, քանի դեռ ամուսնուց որևէ լուր չուներ։ Դիրքերից իջած իր ընկերները տարբեր լուրեր էին հաղորդել կնոջը։ Սակայն, այս դեպքում էլ ճակատագիրը Մկրտչյանների ընտանիքի նկատմամբ բարեհաճ գտնվեց։
«Պատերազմի ավարտից հետո Գագիկը ու ևս մի հոգի եկել էին Գետավան, չիմանալով, որ գյուղում արդեն ադրբեջանցիներ են։ Նրանք նկատել են զինվորական համազգեստով տղամարդկանց, մերոնք տարբեր ուղղություններով փախել են։ Գագիկը երեկոյան մտել է Հարությունագոմերի մեր տուն, հագել քաղաքացիական հագուստ, դուրս եկել, անտառով քայլել դեպի Վանք գյուղ։ Բարեկամների տանը ոչ ոք չի եղել, զարմացել է, որ Վանքն էլ է գրավվել։ Մեկ այլ ծանոթի տուն է փորձել գնալ, բայց ճանապարհին պատահած ավտոմեքենան ադրբեջանական է եղել, կանգնեցրել են, ասել՝ «սալամ գարդաշ» (բարև ախպեր – խմբ.), Գագոն այդտեղ հասկացել է, որ գերի է»։
Ադրբեջանցիները հարցաքննել են Գագիկ Մկրտչյանին, հետաքրքրվել նրա անցած մարտական ուղով, վերջինս ասել է, որ ինքն աշխատել է հանքարդյունաբերական ոլորտում, հարցրել են՝ «տղաներ ունե՞ս», Գագիկը պատասխանել է՝ «միայն 2 աղջիկ»։ Նրա հեռախոսի գլխավոր նկարում էլ փոքր դուստրն է եղել։ Ադրբեջանցի բարձրաստիճան սպան ասել է, որ պետք է սպասի, մինչև կգան փրկարարները։
Սեպտեմբերի 25-ի երեկոյան փրկարարները Վանքից Ստեփանակերտ են տեղափոխել Գագիկ Մկրտչյանին։ Նա վերադարձել է ընտանիք։
«Ես ամեն օր Աստծուն փառաբանում եմ ամուսնուս ու որդուս իր ձեռքերում պահելու համար։ 5 ամիս անց, երբ հիշում եմ դեպքերը, զարմանում եմ, թե ինչպես եմ դիմակայել այդ ցավերին։ Հասկանո՞ւմ եք, քո ընտանիքից 2 զոհի մասին լուր լսես, հետո նրանք ողջ վերադառնան։ Օրհնություն է»,- հավելում է տիկին Սրբուհին։
Հունան Թադևոսյան